Զբոսաշրջիկների մի մեծ խումբ Ղարաբաղ է մեկնել հանգստանալու

18.08.2009, 13:20
Զբոսաշրջիկների մի մեծ խումբ Ղարաբաղ է մեկնել հանգստանալու

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի զբոսաշրջիկների մի մեծ խումբ հանգստանալու նպատակով Հայաստանից մեկնել է Ղարաբաղ:

Ինչպես լրագրողներին տեղեկացրել է «ՌՈՒՄԷԱ» գայթակղիչ ճամփորդությունների ակումբի նախագահ Ռուբեն Գրիգորյանը, երկուշաբթի մեկնած խմբում 61 զբոսաշրջիկ կա:

Նրա խոսքերով, զբոսաշրջային ուղևորությունը կազմակերպվել է ակումբի կողմից՝ Ղարաբաղի կառավարության կողմից մշակված՝ Ղարաբաղում զբոսաշրջության զարգացման փորձնական ծրագրի շրջանակներում:

ԼՂՀ կառավարությունն առաջարկել է հայկական իշխանություններին կազմակերպել ՀՀ քաղաքացիների հանգիստը Լեռնային Ղարաբաղում: Ղարաբաղն առաջարկել է զբոսաշրջային ուղևորությունների ճկուն և մատչելի գնացուցակ:

Գրիգորյանը տեղեկացրել է, որ չնայած այդ խմբի մեջ ներառված են միայն Հայաստանի քաղաքացիներ, սակայն ծրագրվում է դեպի Ղարաբաղ զբոսաշրջային ուղևորություններ կազմակերպել նաև արտասահմանցիների համար: Նրա խոսքերով, նման հայտեր արդեն ստացվել են Շվեդիայի և Կանադայի քաղաքացիներից:

Ակումբի նախագահը նաև տեղեկացրել է, որ զբոսաշրջիկների համար հետաքրքիր ծրագիր է պատրաստված, մասնավորապես՝ զբոսաշրջիկները կայցելեն Ստեփանակերտ, Շուշի, Արցախի Տիգրանակերտի Գանձասար, նոր կառուցված ջրաշխարհ, Ասկերանի Ամարաս ամրոց, XX դարի սկզբում տեղի ունեցած ազատագրական շարժման հերոս Նիկոլ Դումանի տուն-թանգարան:

Նա ավելացրել է, որ Ղարաբաղ այցելած զբոսաշրջիկներին այնքան է դուր եկել ուղևորությունը, որ նրանք չէին ցանկանում վերադառնալ:

Գրիգորյանը նշել է, որ դեպի Ղարաբաղ զբոսաշրջային ուղևորությունները կիրականացվեն մինչև սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը, սակայն ուղևորությունները կարող են երկարացվել, քանի որ Ղարաբաղ այցելել ցանկացողների թիվը շատ մեծ է:

Ինչպես ասել է երկուշաբթի Արցախ մեկնող զբոսաշրջիկներից մեկը, պատմական հայրենիք այցելելը հիմնական նպատակն է: Նրա խոսքերով, դա շատ ավելի լավ է, քան հարևան երկրներում հանգստանալը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ էր արել կառավարությանն ու տուրօպերատորներին՝ հայկական հասարակությունում համատեղ ջանքերով զարգացնել ներքին զբոսաշրջության կուլտուրան:

Կառավարության ղեկավարի խոսքերով՝ անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիների համար բացահայտել Լեռնային Ղարաբաղը, ներկայացնել մեծ տուրիստական ներուժն ու Ղարաբաղում հանգստի գնային քաղաքականության հարմարավետությունը:

Սարգսյանի կարծիքով, տուրօպերատորները պետք է հեռուստատեսությամբ, ռադիոյով և տպագիր մամուլում լայնամասշտաբ գովազդային արշավ անցկացնեն՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում հանգստի առավելությունները:-0-