Հայաստան-Մոլդովա ֆուտբոլային հանդիպման ժամանակ խաղադաշտում հայտնված հայ երկրպագուն վարչական պատասխանատվության է ենթարկվել

13.08.2009, 14:08
Հայաստան-Մոլդովա ֆուտբոլային հանդիպման ժամանակ խաղադաշտում հայտնված հայ երկրպագուն վարչական պատասխանատվության է ենթարկվել
Հայաստան-Մոլդովա ֆուտբոլային հանդիպման ժամանակ խաղադաշտում հայտնված հայ երկրպագուն վարչական պատասխանատվության է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Հայաստան-Մոլդովա ընկերական ֆուտբոլային հանդիպման ժամանակ խաղադաշտում հայտնված հայ երկրպագուն վարչական պատասխանատվության է ենթարկվել մանր խուլիգանության համար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում, երբ մոլդովացի ֆուտբոլիստը գոլ խփեց՝ հաշիվը դարձնելով 1:3, դժգոհ հայ երկրպագուն դաշտ վազեց՝ փորձելով մոտենալ գոլ խփած ֆուտբոլիստին, սակայն օպերատիվ կերպով կալանավորվեց խաղի ընթացքում անվտանգությունն ապահովող իրավապահ մարմինների կողմից:

Հայաստանի հավաքականը Մոլդովայի թիմի հետ ընկերական հանդիպման ժամանակ 1:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց: 

Հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը ներողություն խնդրեց երկրպագուներից պարտության համար:

«Ուզում եմ թիմի անունից ներողություն խնդրել երկրպագուներից, բայց ես ներողություն եմ խնդրում ոչ թե ցույց տված խաղի, այլ հաշվի համար»,- ասաց Մինասյանը:

Նրա խոսքերով, այս խաղը մի քանի խաղացողի փորձարկելու նպատակ ուներ և ամենայն հավանականությամբ առաջիկա խաղերում թիմի կազմում զգալի փոփոխություններ կլինեն:

Իր հերթին Մոլդովայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Դոբրովոլսկին ասաց, որ հավանել է Հայաստանի թիմին:

«Ինձ դուր եկավ Հայաստանի հավաքականի համակարգված ոճը, լիցքավորված լինելն ու ցանկությունը: Հաշիվը թվում էր, թե ջախջախիչ է 1:4, բայց այն մի քիչ չի համապատասխանում իրականությանը, մեր ֆուտբոլիստներից շատերը ցույց չտվեցին այն խաղը, որ ես նրանցից պահանջում էի»,- ասաց Դոբրովոլսկին: -0-