Արգենտինայում մեկնարկել է հայկական համայնքին նվիրված «Հայկական Բուենոս-Այրես» ծրագիրը

11.08.2009, 19:19
Արգենտինայում մեկնարկել է հայկական համայնքին նվիրված «Հայկական Բուենոս-Այրես» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Արգենտինայում մեկնարկել է հայկական համայնքին նվիրված «Հայկական Բուենոս-Այրես» ծրագիրը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, ծրագիրը մեկնարկել է Բուենոս Այրեսի մշակույթի նախարարության Պատմական և մշակութային ժառանգության պահպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ և Բուենոս Այրեսում ՀՀ դեսպանության ու արգենտինահայ համայնքային կառույցների հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է ցույց տալ Արգենտինայի մայրաքաղաքում բնակվող հայերի դերը քաղաքի մշակութային, տնտեսական, հանրային, հումանիտար ոլորտներում, ներկայացնել հայ ժողովրդի պատմությունը, հայերի` Արգենտինա ներգաղթելու պատճառներն ու անցած գրեթե 100 տարիների ընթացքում նրանց նվաճումները որպես Արգենտինայի քաղաքացիներ:

«Հայկական Բուենոս Այրես» ծրագրի բացման արարողությունը  տեղի ունեցավ մայրաքաղաքի հնագույն շինություններից մեկի՝ Արգենտինյան Հանրապետության առաջին Խորհրդարանի նիստերի դահլիճում:

«Հայկական Բուենոս Այրես» ծրագիրը, որի մեջ ներառված են «Հայերի ներգաղթը Բուենոս Այրես», «Հայերը և կրոնը», «Ցեղասպանություն և ժխտողականություն», «Հայ կնոջ դերը հասարակության մեջ», «Հայկական մամուլ», «Հայկական արվեստ», «Հայկական խոհանոց» և այլ թեմաներ, կավարտվի  համայնքային  համույթների համերգով: -0-