Հայաստանում համաներումով ազատ է արձակվել 301 դատապարտյալ

11.08.2009, 18:00
Հայաստանում համաներումով ազատ է արձակվել 301 դատապարտյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն` Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. օգոստոսի 11-ի դրությամբ ազատ է արձակվել 301 դատապարտյալ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը։

«Օգոստոսի 11-ի դրությամբ պատժից ազատված դատապարտյալներից ութը կանայք են և երեքն՝ անչափահաս»,- ասվում է հաղորդագրությունում։

Վարչության տվյալների համաձայն` օգոստոսի 11-ի դրությամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ) ազատ է արձակվել 59 մարդ, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 24 դատապարտյալ, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ 21 դատապարտյալ, «Գորիս» ՔԿՀ-ից՝ 6 դատապարտյալ:

Բացի այդ օգոստոսի 11-ի դրությամբ «Էրեբունի» ՔԿՀ-ից ազատվել է 63 դատապարտյալ, «Սևան» ՔԿՀ-ից՝ 33 դատապարտյալ, «Կոշ» ՔԿՀ-ից՝ 31 դատապարտյալ, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 26 դատապարտյալ,  «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 7 դատապարտյալ, «Մեղրի» ՔԿՀ-ից 9 դատապարտյալ, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 14 դատապարտյալ:

Հունիսի 29-ի դրությամբ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ազատվել է 1 դատապարտյալ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 7 դատապարտյալ:

ՀՀ խորհրդարանը հունիսի 19-ին անցկացված արտահերթ նիստում հավանություն էր տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկությանը: Հայտարարված համաներման համաձայն, պատժից լիովին ազատվում են, մասնավորապես առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք, այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաև ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք:

Համաներումը տարածվում է 2008թ. մարտի 1-2-ը Երևանում քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց վրա։-0-