Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջխաղացումներ աշնանը չեն սպասվում. պատգամավոր

11.08.2009, 16:20
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջխաղացումներ աշնանը չեն սպասվում. պատգամավոր

Ընթացիկ տարվա աշնանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում լուրջ առաջխաղացումներ չեն գրանցվի, կարծում է «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խբմակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:

«Ներկայումս պարզապես փորձեր են արվում` ինչպես իմիտացիոն, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմի փոփոխության միջոցով, որպեսզի Թուրքիային հանգստացնեն այն հարցում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը այնքանով է առաջ ընթանում, որքանով դա կախված է ԵԱՀԿ ՄԽ նախագահող երկրներից»,- ասաց նա երեքշաբթի լրագրողներին։

Միաժամանակ Սաֆարյանը նշեց, որ եթե Թուրքիան կամենա արագացնել այդ ընթացքը, ապա նա կարող է դա անել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջոցով: 
 
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը:

Այս կապակցությամբ պատգամավորը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների և հայ-թուրքական հարաբերությունների զուգահեռության մասին և դրանց կախվածությունը միմյանցից «Թուրքիային ուղղված յուրատեսակ հաղորդագրություն է` Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ»։

«Թուրքիային պարզապես գրագետ կերպով պարզաբանվում է, որ եթե նա շատ է ուզում ազդել ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա, ապա նա պետք է սկսի կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները»,- պարզաբանեց Սաֆարյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին նրան, որ վերացավ հսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հարակից յոթ շրջանում:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ կնքված եռակողմ համաձայնագրից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ մահացավ շուրջ 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոնն ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվայանից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որոնց համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-