Լիբանանի «Արցախֆոնդ» ընկերությունը մտադիր է ներդրումներ կատարել Քաշաթաղի շրջանում

10.08.2009, 19:55
Լիբանանի «Արցախֆոնդ» ընկերությունը մտադիր է ներդրումներ կատարել Քաշաթաղի շրջանում

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երկուշաբթի հանդիպում է ունեցել Լիբանանի «Արցախֆոնդ» ընկերության ներկայացուցիչների և լիբանանահայ մի խումբ գործարարների հետ:

Հյուրերն Արցախում են ներդրումային դաշտին ծանոթանալու և Քաշաթաղի շրջանում տնտեսության զարգացման ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը նշեց,  որ գյուղատնտեսության վերականգնումը և ոլորտում աշխատելու հնարավորությունների  ստեղծումը գործադիրի հիմնական   նպատակն է:

Լիբանանահայերն ընդառաջելով  նախորդ հանդիպման ժամանակ Հարությունյանի`   Քաշաթաղի շրջանի բնակիչներին խոշոր եղջերավոր անասուններ բաժանելու նոր ծրագիր  մեկնարկելու մասին առաջարկին, այս օրերին եղել են շրջանում, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել տեղանքի առանձնահատկություններին:

Վարչապետի հետ հանդիպման ժամանակ հյուրերը ներկայացրել են իրենց մտահոգությունները, առաջարկություններն ու պայմանները: Պարզաբանելով գործարարներին հուզող հարցերը` Հարությունյանը նշել է, որ ծրագիրն իրականացվելու է «Արցախֆոնդ» ըկերության, ԼՂՀ ԳՆ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» և կառավարության  համատեղ ջանքերով:

«Կառավարությունն ամբողջությամբ իր վրա է վերցնելու ռիսկը` երաշխավորելով վարկերի անկորուստ վերադարձը»- նշել է վարչապետը: Հյուրերը շնորհակալություն հայտնեցին կառավարության ղեկավարին` ծրագրի նախնական փուլի միասնական իրագործման և պատասխանատվության ստանձման  համար: Առաջարկություն եղավ ծրագիրը սկսել փոքր ծավալներով` հետագայում ընդլայնելու պայմանով:

«Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի»  և ընկերության միջև ստորագրվելիք պայմանագրում կհստակեցվեն բոլոր պայմաններն ու պահանջները: Վարչապետը հույս է հայտնել, որ ծրագրի արդյունքները արդեն շոշափելի կլինեն առաջիկա ամիսներին:

Ջերմ ու անկեղծ մթնոլորտում ընթացած հանդիպման ժամանակ լիբանանահայերը  տպավորություններ են հայտնել նախորդ օրերին Քաշաթաղի և Հադրութի շրջաններ կատարած այցելությունների, Արցախում նկատելի դրական փոփոխությունների մասին, ասված է հաղորդագրության մեջ:-0-