Վերջին 17 տարում առաջին անգամ Հայաստանում աննախադեպ ցուրտ օգոստոս է գրանցվել

10.08.2009, 18:00
Վերջին 17 տարում առաջին անգամ Հայաստանում աննախադեպ ցուրտ օգոստոս է գրանցվել
Վերջին 17 տարում առաջին անգամ Հայաստանում աննախադեպ ցուրտ օգոստոս է գրանցվել

Վերջին երկու օրում նկատվող ջերմաստիճանի իջեցման երևույթ վերջին անգամ Հայաստանում գրանցվել է 1992 թ.-ին, ասաց «Հայպետհիդրոմետ»-ի օպերատիվ հիդրաօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

«Օգոստոս ամիսները համեմատաբար ցուրտ են եղել 1960, 1963, 1968, 1982, 1988, 1992 թվականներին, երբ օգոստոսին հանրապետությունում գրանցվել է ջերմաստիճանի գրեթե նույնպիսի իջեցում, ինչպես այժմ: Հայաստանում օգոստոսի համար շատ ցածր ջերմաստիճան, ինչպես հիմա է, նկատվել է 1974 թ.-ին, երբ ջերմաստիճանը Արարատյան դաշտավայրում իջել է 23 աստիճանից»,- երկուշաբթի նա ասաց «Նովոստի- Արմենիա» գործակալությանը:  

Պետրոսյանի խոսքով, Հայաստանում ջերմաստիճանի իջեցում է նկատվում երեկվանից՝օգոստոսի 9-ից, մասնավորապես, Տավուշի մարզում՝ 1-3 աստիճան, իսկ Արարատյան դաշտավայրում՝ 7-9 աստիճան:

«Սա պայմանավորված է հյուսիս-արևմուտքից սառը ճակատի անցումով, այսինքն հյուսիս-արևմուտքից ավելի սառը օդային զանգվածների ներխուժմամբ»,- պարզաբանեց նա:

Այս առնչությամբ օպերատիվ հիդրաօդերևութաբանության կենտրոնի պետն ասաց, որ այս ցրտման արդյունքում հարթավայրային շրջաններում առավելագույն ջերմաստիճանը տատանվում է 24-27 աստիճանի, իսկ լեռնային շրջաններում՝ 19-22 աստիճանի սահմաններում:

Ինչպես հայտնեց Պետրոսյանը, անկայուն եղանակը կպահպանվի առաջիկա երկու օրը, օգոստոսի 12-ը ներառյալ:  

«Այսօր, վաղը և հաջորդ օրը հանրապետությունում տեղ-տեղ կլինեն անձրևներ, ընդ որում ամենաշատ տեղումների աշխարհագրությունը սպասվում է Սյունիքի մարզում, իսկ հետո, տեղումները աստիճանաբար կնվազեն»,- պարզաբանեց նա:

Փորձագետը նշեց նաև, որ, սկսած օգոստոսի 13-ից, ջերմաստիճանը կբարձրանա, և շաբաթվա վերջին հարթավայրային շրջաններում 33-35 աստիճան կլինի, իսկ լեռնային շրջաններում է 25-27 աստիճան:

«Օգոստոսի 13-ից հանրապետությունում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում և առավելապես առանց տեղումների եղանակ: Արդեն օգոստոսի 14-15-ին ջերմաստիճանի իջեցումը կլրացվի ու կվերականգնվի այն ֆոնը, որ հանրապետությունում կար օգոստոսի 7-8-ին»,- ավելացրեց Պետրոսյանը: -0-