ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարն Է մեկնարկել Ջերմուկում

10.08.2009, 10:49
ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարն Է մեկնարկել Ջերմուկում
ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարն Է մեկնարկել Ջերմուկում

ՖԻԴԵ-ի Գրան-պրի շարքից հինգերորդ մրցաշարն է (Տիգրան Պետրոսյանի հիշատակին) շաբաթ օրը մեկնարկել Ջերմուկում:

Ւնչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն ու ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Ինչպես բացման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այսօր Հայաստանը ընդունում է շախմատի մրցաշարը, որի անցկացումը պատիվ է յուրաքանչյուր երկրի համար: «Այն ժողովուրդների համար, որոնք սիրում, գնահատում և ընկալում են շախմատն, այսպիսի մրցաշարները դառնում են տոն», - ասել է ՀՀ նախագահը: Նրա խոսքերով՝ մոտակա մի քանի օրերի ընթացքում աշխարհի շախմատիստների ու շախմատասերների ուշադրությունը սևեռված է լինելու Ջերմուկի վրա: « Բոլորն ակնկալում են լավ, որակյալ խաղ, հետաքրքիր մրցապայքար, և վստահ եմ, բոլորիս ակնկալիքներն իրականանալու են», - ասել է ՀՀ նախագահը:

Իլյումժինովն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը շախմատի զարգացման և -ժողովրդայնացման օազիսն ու կենտրոնն է: «Վերջին ժամանակներս Հայաստանում անցկացվել և անցկացվում են շախմատային մեծ իրադարձություններ», - ասել է Իլյումժինովը: Նրա խոսքերով՝ այն, որ այսօր Գրան-պրին անցկացվում է Հայաստանում, ևս պատահական չէ, քանի որ Հայաստանի հավաքականը կրկնակի օլիմպիական չեմպիոն է:

Իլյումժինովը նշել է, որ այս ամենը վկայում է շախմատի զարգացման գործում պետական հզոր աջակցության մասին: ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի անունից նա շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ այս հնագույն խաղի զարգացմանն աջակցելու համար:

Ջերմուկում անցկացվող 19-րդ կատեգորիայի մրցաշարին մասնակցում են գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Էտյեն Բակրոն (Ֆրանսիա), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա), Գատա Կասմկին (ԱՄՆ), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Եվգենի Ալեքսեևը (Ռուսաստան), Վլադիմիր Հակոբյանը (Հայաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Իվան Չեպարինովը (Բուլղարիա), Էռնեստո Ինարկիևը (Ռուսաստան), Ռուստամ Կասիմջանովը (Ուզբեկստան):

Ջերմուկում Լևոն Արոնյանը կփորձի երրորդ անգամ անընդմեջ հաղթել Գրան-Պրի շարքի մրցաշարում (Սոչիում և Նալչիկում տարած համոզիչ հաղթանակներից հետո) և նման կերպ ստանալ 2010 թ.-ի աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու իրավունքը:

Ջերմուկում անցկացվող մրցաշարը նվիրված է 2009 թ.-ին նշվող աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին, մրցաշարի մասնակիցները հարգել են մեծանուն շախմատիստի հիշատակը:

Բացման արարողությանը ներկա էին արվեստի, սպորտի հայտնի  գործիչներ, շախմատիստներ, մասնավորապես՝ սերբ գրոսմայստեր, Տիգրան Պետրոսյանի ընկեր Սևատոզար Գլիգորիչը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը:-0-