Հայաստանի պետբյուջեն իր վրա կվերցնի 2011 թվականի մարդահամարի անցկացման ընդհանուր ծախսերի 21 տոկոսը

05.08.2009, 17:00
Հայաստանի պետբյուջեն իր վրա կվերցնի 2011 թվականի մարդահամարի անցկացման ընդհանուր ծախսերի 21 տոկոսը

Նախնական տվյալներով` Հայաստանի պետբյուջեի ծախսերը 2011 թվականի մարդահամարի անցկացման համար կկազմեն մարդահամարի համար անհրաժեշտ ընդհանուր ծախսերի 21 տոկոսը, չորեքշաբթի  լրագրողներն հայտնեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը։

«Հայաստանի մարդահամարի հանրապետական հանձնաժողովի առաջին խորհրդակցության ընթացքում հաստատված նախնական բյուջեի համաձայն` ամբողջ ծախսերի 21 տոկոսը բաժին է ընկնում Հայաստանի պետբյուջեին, իսկ մյուս մասը կապահովվի դոնոր կազմակերպությունների հաշվին»,- տեղեկացրեց Մնացականյանը։

Նրա խոսքերով, ծախսերի նախնական ցուցակի համաձայն, բնակչության մարդահամարի համար կպահանջվի 2,5 մլրդ դրամ (6,7 մլն դոլար), ընդ որում առյուծի բաժինը՝ 1,9 մլրդ դրամը (5,1 մլն դոլար), կտրամադրվի 2011 թվականի հիմնական մարդահամարին։

Համաձայն «Բնակչության մարդահամարի մասին» ՀՀ օրենքի՝ մարդահամարը պետք է իրականացվի յուրաքանչյուր 10 տարին մեկ։ Առաջին մարդահամարը Հայաստանում անցկացվել է 2001 թվականին, հետևաբար, հաջորդը կանցկացվի 2011 թվականին։

ՀՀ բնակչության հերթական մարդահամարը հանրապետությունում տեղի կունենա 2011 թ.-ի հոկտեմբերի 12-21-ը, իսկ փորձնականը՝ 2010 թ.-ի ապրիլի 14-23-ը: 

Հայաստանի անկախացումից ի վեր բնակչության առաջին մարդահամարն  անցկացվել է 2001 թ.-ի հոկտեմբերի 10-19-ին: Դրա տվյալներով՝ ՀՀ բնակչության քանակը 3,2 մլն մարդուց փոքր ինչ ավելի է եղել: -0-