Հայ-ռուսական հարաբերությունների ապագան անհրաժեշտ է կառուցել երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող անկեղծության վրա. փորձագետ

04.08.2009, 13:47
Հայ-ռուսական հարաբերությունների ապագան անհրաժեշտ է կառուցել երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող անկեղծության վրա. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-ռուսական հարաբերությունների ապագան անհրաժեշտ է կառուցել երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող անկեղծության վրա, կարծում է Լրագրողական միությունների միջազգային համադաշնության գլխավոր քարտուղար Աշոտ Ջազոյանը:

«Մեր երկրների իշխանությունները պետք է օգտվեն նրանից, որ Հայաստանի և Ռուսաստանի, հայ և ռուս ժողովուրդների միջև հարաբերությունները միշտ անկեղծ են եղել, և այդ անկեղծ հիմքի վրա կառուցեն նոր ապագա», - ասել է Ջազոյանը «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կազմակերպած Երևան-Մոսկվա ռադիոկամուրջի ժամանակ:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանի խոշորագույն ռազմաբազաներից մեկը գտնվում է Հայաստանում, և հայկական պետությունն ու իշխանությունները այդ պատճառով «իրենց գույնը չեն փոխում»:

«Հայաստանում այդ բազան հանգիստ գործում է՝ ի տարբերություն այլ պետությունների, որոնք կարող են ժամանակի ընթացքում փոխել իրենց կարծիքն ու այս կամ այն որոշումը կայացնել», - նշել է Ջազոյանը:

Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանի սահմանները համատեղ պաշտպանում են ռուսներն ու հայերը, ինչը յուրատեսակ օրինակ է հետխորհրդային տարածքում:

«Դա շատ հետաքրքիր գործոն է, և մենք դա չպետք է մոռանանք», - ասել է Ջազոյանը՝ ավելացնելով, որ Հայաստանն այն սակավաթիվ երկրներից է, որտեղ ռուսն իրեն զգում է ինչպես տանը:

Նրա կարծիքով՝ նույնը կարելի է ասել Ռուսաստանում բնակվող հայերի մասին:

«Սափրագլուխների հետ կապված խնդիր կա, սակայն այն կապված չէ հայ ժողովրդի հետ», - ասել է փորձագետն՝ ավելացնելով, որ խնդիրն այն է, որ հարձակման օբյեկտներ են դառնում «օտարները»՝ ոչ ռուսները:

«Նման հանցագործություն կատարող մարդիկ նույնիսկ չգիտեն, որ Հայաստանը ընդունել է քրիստոնեությունն ավելի վաղ, քան Ռուսաստանը: Չգիտեն, որ Հայաստանը քրիստոնյա երկիր է», - ասել է Ջազոյանը:

Այնուամենայնիվ, նրա խոսքերով, հայերը Ռուսաստանում իրենց բավականին պահանջված են զգում:

«Կարող եմ ասել, որ Ռուսական բանկերի ասոցիացիան գլխավորում է մի խելացի մարդ՝ Գարեգին Թոսունյանը, ոչ այն պատճառով, որ հայ է, այլ այն պատճառով, որ նա խելացի հայ է: Ինձ մեկ տարի առաջ ընտրեցին Ռուսաստանի լրագրողների միության քարտուղար, և ոչ ոք չհարցրեց ազգության մասին», - նշել է Ջազոյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանում Ռուսաստանի և ռուսների հետ կապված ոչինչ չի փոխվում:

«Մենք դժվարին ժամանակահատված ենք ունեցել, երիտասարդ ռեֆորմատոր Լևոն Տեր-Պետրոսյանը ամեն ինչ փոխում էր, փակում էր ռուսական դպրոցները, սակայն այդ ամենն անցյալում է», - ասել է Ջազոյանն՝ ավելացնելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ամեն ինչ տեղի է ունենում մետաֆիզիկական մակարդակի վրա:

«Այսօր ամենակարևորը դեպի ապագա նայելն է: Իսկ ապագան նանոտեխնոլագիաներն են, նոր տեխնոլոգիաները: Հայաստանի մտավոր ներուժը շատ մեծ է, այդ ներուժը մնացել է, և ինչու՞ չստեղծել այդ նոր տեխնոլոգիաների զարգացման և օգտագործման անդրսահմանային համակարգեր», - ասել է Ջազոյանը:

Նրա խոսքերով՝ ամենակարևորը՝ պետք է մտածել նոր սերնդի մասին: «Ինձ մտահոգում է, որ Հայաստանում արդեն քիչ են խոսում ռուսերեն, իսկ խորհրդային տարիներին ողջ տեխնիկական գրականության 85 տոկոսը թարգանվել էր ռուսերեն», - նշել է նա:

Խոսելով ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարների մասին՝ Ջազոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է վերականգնել մարդկային շփման զգացումը հետխորհրդային տարածքում:

«Մենք պետք է վերջապես սիրենք այս հետխորհրդային տարածքը: Մենք դադարել ենք այն սիրել, դադարել ենք հարգել ուրիշներին, քանի որ նրանք ուրիշ են», - նշել է նա:

Բացի այդ, նրա խոսքերով, անհրաժեշտ է հենվել կրթության վրա, վերականգնել ռուսաց լեզվի դիրքերը, շեշտադրել նոր տեխնոլոգիաներն ու ապրել պատնեշներից վեր:-0-