Հայաստանին անհրաժեշտ է մշակել Մարշալի սեփական ծրագիր. փորձագետ

31.07.2009, 16:00
Հայաստանին անհրաժեշտ է մշակել Մարշալի սեփական ծրագիր. փորձագետ

Հայաստանին անհրաժեշտ է մշակել Մարշալի սեփական ծրագիր` համաձայնեցված Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների հետ, կարծում է ՀՀ խոսնակի  խորհրդական, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը:

«Գլոբալ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու նպատակով անհրաժեշտ է զարգացնել եթե ոչ բազմակողմանի, ապա գոնե երկկողմ կապերը տարածաշրջանի երկրների հետ: Հայաստանը Մարշալի սեփական ծրագրի կարիք ունի, որը համաձայնեցված կլինի Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փորձագետը:

Մարշալի ծրագիրը (Marshall Plan, European Recovery Program— «Եվրոպայի վերականգնման ծրագրի» պաշտոնական անվանումը) Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպային օգնություն ցուցաբերելու ծրագիրն է: Ծրագիրն առաջադրել է 1947 թ.-ին պետքարտուղար Ջորջ Մարշալը, և ծրագրի համաձայն՝ եվրոպական 17 երկրներին նյութական օգնություն է տրամադրվել:

Մանասարյանի կարծիքով՝ հարևան երկրների հետ կապերի զարգացումը հատկապես կարևոր է ճգնաժամի պայմաններում: Նա ավելացրել է, որ առանց համաձայնեցված ծրագրի ոչ Հայաստանը, ոչ որևէ այլ երկիր չի կարող դուրս գալ ճգնաժամային իրավիճակից:

Խոսնակի խորհրդականը կարծում է, որ գլոբալիզացման միտումները հանգեցրեցին աշխարհի երկրների միջև մեծ փոխկապակցվածության և նրանց գործողությունների փոխպայմանավորվածության: Ինչպես կարծում է Մանասերյանը, չնայած դրան՝ շատ երկրներ դեռևս փորձում են օգուտ քաղել ստեղծված ճգնաժամային պայմաններում՝ անտեսելով համատեղ ծրագրերի իրագործման անհրաժեշտությունը:-0-