Հայկական բանակը շարունակում է մնալ Հայաստանի և նրա ժողովրդի հանգստության և անվտանգության հուսալի պաշտպանը. ՀՀ նախագահ

30.07.2009, 12:42
Հայկական բանակը շարունակում է մնալ Հայաստանի և նրա ժողովրդի հանգստության և անվտանգության հուսալի պաշտպանը. ՀՀ նախագահ
Հայկական բանակը շարունակում է մնալ Հայաստանի և նրա ժողովրդի հանգստության և անվտանգության հուսալի պաշտպանը. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական բանակը պատվով է շարունակելու իր սրբազան առաքելությունը. այն շարունակելու է մնալ պետության և ժողովրդի հանգստության և անվտանգության հուսալի պաշտպանը, տարածաշրջանային խաղաղության ու կայունության առանցքային և անփոխարինելի բաղադրիչը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք այսօր ուժեղ ենք, ուժեղ ենք, քան երբևէ: Մեր բանակն ամուր է, արդիական և ունակ լուծելու ցանկացած խնդիր: Մեր բանակը պատվով է հանձնել ոչ միայն պատերազմի, այլև խաղաղության քննությունը՝ մարմնավորելով ողջ հայության մարտական ոգին», - ասել է ՀՀ նախագահը հինգշաբթի՝ ելույթ ունենալով ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի կազմավորման 15-ամյակին նվիրված շքերթին:

ՀՀ նախագահը բոլոր հավաքվածներին հիշեցրել է այն հայտնի իրողությունը, որ բանակն ավելի հզոր է  իր սպայական կազմով, որը «յուրաքանչյուր բանակի ողնաշարն է»: Ինչպես հայտարարել է նախագահը,  բանակի մասնագիտական պատրաստվածության, մարդկային ու բարոյական նկարագրով է պայմանավորված զորքերի մարտական պատրաստությունը:

Սարգսյանի խոսքերով, Հայաստանի Զինված ուժերը սահմանների պաշտպանության, զորավարժությունների և խաղաղարար առաքելությունների ընթացքում բազմիսց հաստատել են իրենց մարտական արհեստավարժությունն ու բարոյակամային բարձր որակները:

 «Մեզ պատերազմով սպառնացողներին մենք հիշեցնում ենք Աստվածաշնչյան խոսքը՝ սուր պատրաստողը սրից կընկնի: Այս բառերի անհերքելի ճշմարտացիությունն ու իրենց կյանքով ու մաքառումով վերահաստատել են մեր ժողովրդի լավագույն զավակները, մեր հայրերի սերունդը, մեր սերունդը, իմ սերունդը: Թող ոչ ոք չկասկածի՝ հարկ եղած դեպքում նույնը կլինի նաև այսօր», - հայտարարել է ՀՀ նախագահը:

Սարգսյանը նշել է, որ ՀՀ ռազմական բուհերի այսօրվա շրջանավարտներն են արդարության և հատուցման սուրը, Հայաստանի և Արցախի այն անկոտրում վահանը, «որին բախվելով կփշրվեն ցանկացած հակառակորդի հոխորտանքներն ու հավակնությունները:»

«Այսօրվանից նաև դուք եք մարմնավորում հայոց բանակի հզորությունն ու պատվո մարտականոնը, նրա միտքն ու կարգապահությունը, նրա կամքն ու ոգին: Դուք չպետք է արատավորեք հայ սպայի անունն ու պատիվը, պետք է ցուցադրեք մեր նախնիների հերոսությունը, ոգու տոկունությունը, պատրաստ լինեք ծառայել՝ հանուն մեր ժողովրդի խաղաղ և ստեղծագործ կյանքի», - հայտարարել է ՀՀ նախագահը:-0-