Հայաստանի սփյուռքի նախարարությունը և «Նորավանք» հիմնադրամը կհամագործակցեն հայապահպանության գործում

29.07.2009, 17:48
Հայաստանի սփյուռքի նախարարությունը և «Նորավանք» հիմնադրամը կհամագործակցեն հայապահպանության գործում
Հայաստանի սփյուռքի նախարարությունը և «Նորավանք» հիմնադրամը կհամագործակցեն հայապահպանության գործում

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ սփյուռքի նախարարությունը և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը չորեքշաբթի ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված հայապահպանության և հայագիտության զարգացման գործին:

Ինչպես նշեց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հուշագիրն ուղղված է սփյուռքագիտության՝ որպես գիտության զարգացմանը, հայկական համայնքների միավորմանը, մասնագետների պատրաստմանը, Սփյուռքում տեղի ունեցող գործընթացների ուսումնասիրությանը, կլոր սեղանների և համաժողովների անցկացմանը։

«Հաշվի առնելով, որ հայերի մեկ երրորդն ապրում է արտերկրում, նման միջոցառումների անցկացումը հատկապես կարևոր է մեզ համար: Հայկական Սփյուռքին վերաբերող ցանկացած հարցի լուծման ժամանակ անհրաժեշտ է նախևառաջ հաշվի առնել նրանց ներկայացուցիչների կարծիքը»,- ասաց Հակոբյանը:

Միաժամանակ Սփյուռքի նախարարը տեղեկացրեց, որ նախարարությունն ու հիմնադրամն արդեն նախատեսում են երկու համաժողով անցկացնել՝ «Արևմտահայերենի ուսումնասիրման վիճակը Սփյուռքում. խնդիրներ և լուծումներ» և «Հայկական ինքնության պահպանումը խառն ամուսնությունների դեպքում»։

Իր հերթին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը նշեց, որ հիմնադրամն ու նախարարությունը ռազմավարական գործընկերներ են, իսկ հուշագրի ստորագրումով համագործակցությունը կբարձրանա  նոր մակարդակի վրա։  Նրա խոսքերով՝ այդ համագործակցությունը թույլ կտա համախմբել հայությունը, կրթել երիտասարդ մասնագետների, ովքեր պետք է աշխատեն հայկական համայնքներում։

Հուշագրին համաձայն՝ կողմերը մտադիր են, մասնավորապես, մշակել և իրականացնել հայոց լեզվի ուսումնասիրման ծրագրեր, անցկացնել տեղեկատվության ամփոփում հայկական համայնքների մասին, պահպանել Սփյուռքի մշակութային ժառանգությունը։

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամը ստեղծվել է 2000թ. ՀՀ կառավարության որոշմամբ: Նրա կանոնադրության համաձայն` Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահը Հայաստանի գործող վարչապետն է:

Հիմնադրամում գործում է «Հայագիտության կենտրոնը», որի խնդիրն է ուսումնասիրել հայ համայնքները և մշակել Հայության ինտեգրման մեթոդները, «Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնը», որը զբաղվում է Հայաստանի և Հայության տեղեկատվական անվտանգության հարցերով, «Քաղաքական հետազոտությունների կենտրոնում» կատարվում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական զարգացումների մոնիթորինգ` ՀՀ ազգային անվտանգության համատեքստում և «Ուսումնական կենտրոնը»  կազմակերպում է հրատապ թեմաների շուրջ դասընթացներ և ամառային դպրոցներ: --0—