Տարածաշրջանային հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով. ՀՀ նախագահ

29.07.2009, 13:26
Տարածաշրջանային հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով. ՀՀ նախագահ

Տարածաշրջանային հակամարտությունները պետք է լուծվեն առանց ուժի կիրառման և բացառապես խաղաղ ճանապարհով, երեքշաբթի ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ելնելով մեր երկրների ոչ այնքան հեռավոր անցյալից՝ մենք Սերբիայի նախագահի հետ համակարծիք ենք, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է լուծվեն առանց ուժի կիրառման և բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի համաձայն», - ասել է Սարգսյանը:

ՀՀ նախագահի խոսքերով՝ հակամարտությունների լուծման ունիվերսալ միջոցներ գոյություն չունեն, և յուրաքանչյուր հակամարտություն ունի ծագման սեփական պատմությունը, պատճառներն ու զարգացման ուղին:

«Հաշվի չառնելով այս գործորններն՝ անհնար է գտնել հակամարտության արդար և կայուն լուծում», - հայտարարել է ՀՀ նախագահը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-