Հայաստանի հարցված քաղաքացիների 91 տոկոսը 2008 թվականին կաշառք չի տվել

28.07.2009, 16:57
Հայաստանի հարցված քաղաքացիների 91 տոկոսը 2008 թվականին կաշառք չի տվել
Հայաստանի հարցված քաղաքացիների 91 տոկոսը 2008 թվականին կաշառք չի տվել
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Կովկասյան հետազոտական ռեսուրս կենտրոնի (CRRC) կողմից «Տվյալների հավաքագրման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում անցկացրած համազգային հարցմանը մասնակցած Հայաստանի  քաղաքացիների 91 տոկոսը հայտարարել է, որ 2008 թվականին կաշառք չի տվել։

«Համաձայն հարցման տվյալների՝ մեր հայրենակիցների միայն 7 տոկոսն է կաշառք տվել 2008 թվականի ընթացքում»,- երեքշաբթի հարցման արդյունքների ամփոփման ժամանակ տեղեկացրեց CRRC տնօրեն Հեղինե Մանասյանը։

Կովկասյան հետազոտական ռեսուրս կենտրոնի (CRRC) կողմից «Տվյալների հավաքագրման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում հարցում է անցկացվել տնտեսական, սոցիալական և քաղաքական գործընթացների վերաբերյալ տվյալների բացահայտման նպատակով ողջ կովկասյան տարածաշրջանում։ Հայաստանում հարցմանը մասնակցել է 2082 տնային տնտեսություն։

Ինչպես հայտնեց Մանասյանը, 100 հարցից բաղկացած հարցաթերթիկում ընդգրկված են եղել մի քանի նոր հարցեր, մասնավորապես, ռուս-վրացական հակամարտության,  գլոբալիզացիայի դրսևորումների վերաբերյալ և դրա ազդեցության մասին ազգային մշակույթի վրա։

Մասնավորապես, հարցման արդյունքներով, Հայաստանի քաղաքացիների 71 տոկոսը դրական է գնահատում ռուս-վրացական հարաբերությունների կայունացման հնարավորությունը։

Միևնույն ժամանակ հարևան Ադրբեջանի հարցվածների միայն 1-2 տոկոսն է տեսնում Հայաստանի հետ մոտ ժամանակներս տնտեսական համագործակցության հեռանկարը, մինչդեռ Հայաստանում միտված են ավելի լավատեսական կանխատեսումների։  

Մանասյանը նշեց նաև, որ մտահոգության տեղիք է տալիս նախորդ տարիների համեմատ հայ հարցվածների պասիվությունը։ Մասնավորապես, քաղաքացիների մեկ երրորդը հրաժարվեց պատասխանել հարցերին։

Միաժամանակ փորձագետն ուրախալի համարեց այն փաստը, որ հաշվետու ժամանակահատվածում փոքր-ինչ աճել է հայ քաղաքացիների դրական գնահատականի ցուցանիշն իշխանությունների կողմից տարվող քաղաքականության նկատմամբ։

Անդրկովկասյան տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներում հիմնված Կովկասի Հետազոտական ռեսուրս կենտրոնը «Եվրասիա» հիմնադրամի ծրագիրն է՝ Նյու Յորքի Կարնեգի Կորպորացիայի ֆինանսական աջակցությամբ։

Կենտրոնը կոչված է ապահովել հետազոտական բարձրորակ ռեսուրսների հասանելիություն, զարգացնել հետազոտական հնարավորությունները և երկխոսությունը հասարակական-գիտական հետազոտությունների մասնագետների և քաղաքական գործիչների միջև։ -0-