«Միսս յոթ մայրցամաք 2009» Գեղեցկության միջազգային աննախադեպ մրցույթ-փառատոնը տեղի կունենա Հայաստանում հուլիսի 29-ին:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց մրցույթի հիմնադիր և հեղինակ, «Միսս յոթ մայրցամաք» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանը, նման մասշտաբի մրցույթ նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ է անցկացվում:
«Հուլիսի 27-ին Հայաստանում տեղի կունենա «Միսս յոթ մայրցամաք» ազգային մրցույթը, որի հաղթողը կմասնակցի միջազգային մրցույթին, որը տեղի կունենա հուլիսի 29-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում», - տեղեկացրեց Խաչատրյանը:
Նա նշեց նաև, որ մրցույթին կմասնակցեն գեղեցկուհիներ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Թուրքիայից, Սերբիայից, Լատվիայից, Չեխիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Լեհաստանից, Թունիսից, Գերմանիայից, Սլովակիայից, Մեծ Բրիտանիայից, Մոնտենեգրոյից, հնարավոր է նաև՝ Բրազիլիայից, Նիգերիայից և Էստոնիայից:
«Մոտակա օրերին մրցույթի մասնակիցների համար կկազմակերպվեն ճանաչողական էքսկուրսիաներ դեպի Հայաստանի տեսարժան վայրերը», - ասաց մրցույթի հիմնադիրը: Նա նաև տեղեկացրեց, որ մրցույթի մասնակիցները կմասնակցեն Երևանի կենտրոնում անցկացվող լիմուզինների շքերթին:
Խաչատրյանի խոսքերով, պայմանավորվածություն է ձեռք բերվել մրցույթի մասնակից-երկրների ազգային հեռուստատեսությունների հետ՝ այդ երկրներում մրցույթի հեռարձակման մասին:-0-