ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ամերիկյան ռազմական պատվիրակության հետ

17.07.2009, 20:09
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ամերիկյան ռազմական պատվիրակության հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուրբաթ հանդիպեց ամերիկյան ռազմական պատվիրակության հետ, որը Երևան է ժամանել հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության պլանավորման համաժողով անցկացնելու համար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:  

Կարևորելով համանման համաժողովների անցկացումը քննարկումների միջոցով համագործակցության ընդլայնման և զարգացման համար՝ պաշտպանության նախարարն անդրադարձավ հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ոլորտներին, իրականացված միջոցառումներին և դրանք ընդլայնելու ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին:

Հանդիպման  ընթացքում նշվեց, որ համագործակցությունը խորացվելու է հատկապես ռազմաբժշկական, ականազերծման, խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև՝ շարունակվելու է պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացում ԱՄՆ-ի խորհրդատվական օժանդակությունը:

Հայ-ամերկյան պաշտպանական համագործակցության համաժողովը Երևանում անցկացվեց հուլիսի 16-ից 17-ը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գրասենյակի, ԱՄՆ եվրոհրամանատարության, Եվրոպայում ԱՄՆ զորատեսակների հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներ:

Ամերիկյան պատվիրակությունը հուլիսի 16-ին այցելեց ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադ և ականազերծման կենտրոն, իսկ հուլիսի 17-ին՝ ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ:

Ուրբաթ ԱՄՆ պատվիրակությունը այցելեց նախարարության Դրաստամատ Կանայանի անվ. Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ:  

Այցի ընթացքում ինստիտուտի տնօրենը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը պատվիրակներին ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացը:  

Քոթանջյանը նաև մանրամասն ներկայացրեց ինստիտուտի կառուցվածքը, գիտահետազոտական, վերլուծական և գիտահրապարակախոսական գործունեությունը, զարգացմանը հեռանկարը:

Նա բարձր է գնահատել ամերիկացի գործընկերների ակտիվ մասնակցությունը ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական համակարգման գործին և կարևորել է ինստիտուտի հետ համագործակցությունն ամրապնդելու՝ հյուրերի պատրաստակամությունը: -0-