ՀՐԱՏԱՊ. Իրանում ավիավթարի ենթարկված ինքնաթիռում չորս երեխա է եղել. ՔԱԳՎ պետ

16.07.2009, 12:34
ՀՐԱՏԱՊ. Իրանում ավիավթարի ենթարկված ինքնաթիռում չորս երեխա է եղել. ՔԱԳՎ պետ

Նախօրեին Իրանում ավիավթարի ենթարկված ՏՈՒ-154 ինքնաթիռում չորս երեխա է եղել, որոնցից մեկը՝ հայազգի, տեղեկացրեց ՀՀ ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսիսյանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավիավթարի ենթարկված ինքնաթիռում երկու երեխա է եղել:

Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը չորեքշաբթի ավիավթարի է ենթարկվել Թեհրանի մոտ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 168 մարդիկ զոհվել են, որոնցից 15-ն անձնակազմի անդամներն էին: ՀՀ ԱԳՆ-ի տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է շուրջ 40 հայ, որոնցից հինգը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

«Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ կործանված ինքնաթիռում 36 հայ է եղել, որոնցից ՀՀ քաղաքացի էին երեքն ու անձնակազմի երկու անդամները», - հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց Մովսիսյանը:-0-