Ուկրաինայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանն այցելել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզ` կապված մարզի Մարգանեց քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հունիսի 28-ին Մարգանեց քաղաքի սրճարաններից մեկում կռիվ է ծագել: Անհապաղ դեպքի վայր է ժամանել քննիչ-օպերատիվ խումբը: Պարզվել է, որ սրճարանում հանգստացել են տեղի բնակիչների երկու խումբ, որոնց կազմում եղել են նաև Ուկրաինայի հայազգի բնակիչներ: Հանկարծ նրանց միջև կենցաղային բնույթի վեճ է ծագել, որը կամաց-կամաց կռվի է վերածվել: Պարեկային ծառայության տեսուչ միլիցիայի 22-ամյա սերժանտ Սերգեյ Բոնդարենկոն, ով ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել, փորձել է հանգստացնել վիճաբանող կողմերին: Խառնաշփոթի ժամանակ հայազգի մասնակիցը դանակով մահացու վնասվածք է հասցրել միլիցիայի աշխատակցին ուղիղ սրտին: Կռվի երեք մասնակիցները, որոնց թվում էր նաև տուժածին մահացու հարված հասցնողը, տեղափոխվել են հիվանդանոց:
Միաժամանակ բժշկական հաստատության շենքի մոտ են ժամանել տուժածների հարազատներն ու ծանոթները, որոնց միջև ծագել է հերթական վեճը, որն ուղեկցվել է խուլիգանական դրսևորումներով: Մասնավորապես, վնասվել է 5 մեքենա: Հաղորդագրության համաձայն, հասարակական կարգի խմբակային խախտումները կասեցնելու նպատակով, իրավապահ մարմինները համապատասխան նախազգուշական-կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկել:
Այցի ընթացքում Խաչատրյանը հանդիպել է Դնեպրոպետրովսկի մարզի և Մարգանեց քաղաքի ղեկավարության, իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվել են քաղաքում տեղի ունեցած միջադեպի քննությանն առնչվող հարցեր:
Մարզի և քաղաքի ղեկավարները ՀՀ դեսպանին տեղեկացրել են, որ միջադեպը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա, այն որակվել է որպես խուլիգանություն:
Ըստ տեղական իշխանությունների հավաստիացումների՝ ներկայում իրավիճակը կարգավորվել է, այն գտնվում է իրավապահ մարմինների լիակատար հսկողության ներքո:
Մարզի ղեկավարները նշել են, որ մարզի հայ համայնքը օրինակելի համայնք է, և հայերը վայելում են մարզի ղեկավարության և հասարակայնության վստահությունն ու համակրանքը:
ՀՀ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել մարզի և քաղաքի ղեկավարությանը ձեռնարկած քայլերի, հետագա անցանկալի զարգացումներից խուսափելու նպատակով` իրավիճակը հսկողության տակ վերցնելու համար:
Այցի ընթացքում Արմեն Խաչատրյանը հանդիպում է ունեցել նաև Մարգանեց քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկվել է քաղաքում ստեղծված իրավիճակը:-0-