ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ուրբաթ մասնակցել է Հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադայի և հայագիտական գիտելիքների մրցույթի հանդիսավոր բացման արարողությանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Հայագիտական գիտելիքների մրցույթը երկամյա պարբերականությամբ կազմակերպում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, որի նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության ու մշակույթի իմացությունը, նպաստել միասնական չափորոշիչների ներդրմանը սփյուռքի կրթօջախներում, աջակցել կրթական ծրագրերի իրականացման գործընթացներին:
ՀՀ վարչապետը մրցույթի մասնակից ավելի քան 130 աշակերտ հայորդիներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ ավանդական դարձած միջոցառումը հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացության խորացման լավագույն հնարավորությունն է, քանի որ հայեցի կրթությունը Հայաստանում և սփյուռքում հայկական ինքնության պահպանման հիմքն է, ուստի և Հայաստանի պետական քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկը:-0-