Բանակցային գործընթացն առանց Ղարաբաղի մասնակցության ընդամենը խորհրդատվություն է Հայաստանի ու Ադրբեջանի միջև. փորձագետ

10.07.2009, 16:54
Բանակցային գործընթացն առանց Ղարաբաղի մասնակցության ընդամենը խորհրդատվություն է Հայաստանի ու Ադրբեջանի միջև. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Բանակցային գործընթացն առանց Ղարաբաղի մասնակցության միայն խորհրդատվություններ են Հայաստանի ու Ադրբեջանի միջև, կարծում է հայ փորձագետ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը։

«1992 մարտին հակամարտության կողմեր են ճանաչվել Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը։ Այդ պատճառով այն, ինչ այսօր տեղի է ունենում, բանակցություն անվանել չի կարելի։ Եթե հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղը դրանց չի մասնակցում, ապա դրանք փաստորեն միայն երկկողմ խորհրդատվություններ են Հայաստանի և Ադրբեջանի մինչև»,- ասաց Մանասյանը Մոսկվայում կայացած «Ղարաբաղյան հակամարտությունը միջազգային իրավունքի և քաղաքականության համատեքստում» թեմայով հանդիպման ընթացքում։

Ըստ նրա, ներկայում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լիովին քաղաքանացված է։ «Արհամարհվում են հակամարտության իրավական հիմքերը, վեճի առարկա հանդիսացող՝ տարածքների վերաբերյալ միջազգայնորեն ճանաչված պայմանագրերն ու համաձայնագրերը։ Միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի հովանու ներքո արդեն ավելի քան տասը տարի հակամարտության լուծման ուղիներ են որոնվում,  երբեք չեն դիմել հիմնարար իրավական փաստաթղթերի, որոնք բացահայտում են հակամարտության առարկան և պարունակում են այն հարցի պատասխանը, թե Բաքուն ունի, արդյո՞ք,  հավակնություններ այդ տարածքների նկատմամբ»,- մեջբերեցին Մանասյանի խոսքերը Ռուսաստանի հայերի միությունից։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-