Հայ փորձագետ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը վտանգավոր է համարում Ադրբեջանի Հանրապետության ճանաչումը իրավաբանորեն իրեն չպատկանող տարածքներով:
«Ադրբեջանական հանրապետության՝ իրավաբանորեն իրեն չպատկանող տարածքներով ճանաչման գլոբալ վտանգը տարածքային ամբողջականության սկզբունքի մուտացիան է, որը կայունության ու խաղաղության սկզբունքից վերածվում է օտար տարածքների գրավումը և ցեղասպանությունը կոծկելու սկզբունքի»,- հայտարարեց փորձագետը՝ ելույթ ունենալով Մոսկվայում «Ղարաբաղյան հակամարտությունը միջազգային իրավունքի և քաղաքականության համատեքստում» թեմայով հանդիպման ժամանակ, հայտնեցին Ռուսաստանի հայերի միությունից:
Նրա խոսքերով՝ հենց Ադրբեջանական հանրապետության ճանաչումը նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմաններով, ի հակառակ խնդրի իրավական հիմնավորումներին, դարձավ ղարաբաղյան պատերազմի պատճառ:
«Չկա որևէ իրավաբանական փաստարկ, ոչ էլ իրավական փաստաթուղթ, որի հիման վրա ներկայիս Ադրբեջանը կարողանար հիմնավորել Լեռնային ղարաբաղի հանդեպ իր պահանջները: Չկա միջազգային իրավունքի նման նորմ, նման պայմանագիր Լեռնային ղարաբաղի վերաբերյալ կամ ԽՍՀՄ նման օրենք, որը կասկածի տակ առներ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ձևավորման լեգիտիմությունը: ԼՂՀ ձևավորումը միջազգային իրավունքի տեսակետից անթերի է»,- ընդգծեց Մանասյանը:
Նրա կարծիքով՝ ճշմարտությանը մոտ լինել նշանակում է մոտ լինել փաստերին ու միջազգային իրավունքին: Փորձագետը ուշադրություն հրավիրեց այն բանին, որ քչերն են ընդհանրապես մտածում այն մասին, որ ներկայումս Ադրբեջանը հստակ արտահայտված սահմաններ չունի:
«1991 թ.-ին Պետական անկախության մասին սահմանադրական ակտում նրանք նշել են իրավաբանորեն անիմաստ արտահայտություն. «... Ադրբեջանական հանրապետության տարածք՝ պատմականորեն ձևավորված սահմաններով...»: Թեև Խորհրդային Ադրբեջանը ճանաչեցին, այդ ճանաչումը իրավաբանական ակտ չէ միջազգային իրավունքի տեսակետից: Իրավաբանորեն ոչ Նախիջևանը, ոչ ԼՂՀ-ն 1991 թ.-ից ի վեր Ադրբեջանական հանրապետությանը չեն պատկանում»,- կարծում է փորձագետը:-0-