ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի տարածքով բնական գազի մատակարարումը Հայաստան վերականգնվել է հուլիսի 9-ի երեկոյան 17.30-ին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Բնական գազի մատակարարումը Հայաստան դադարեցվել էր հուլիսի 8-ի առավոտյան`Վրաստանի տարածքում «Կրասնի Մոստ» գազաչափիչ կայանում իրականացվող պլանային նորոգման աշխատանքների հետ կապված:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Գազը Հայաստան մուտք է գործում Վրաստանի տարածքով։
Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը կանոնադրական կապիտալում կազմում է 80 տոկոս, իսկ ՀՀ կառավարությանը՝ 20 տոկոս։--0--