Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը խանգարում են երկու կողմից ներկայացվող նախապայմանները. ԱԳՆ նախկին ղեկավար

09.07.2009, 18:38
Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը խանգարում են երկու կողմից ներկայացվող նախապայմանները. ԱԳՆ նախկին ղեկավար

Անկարայի և Երևանի կողմից առաջ քաշվող նախապայմանները չեն կարող հանգեցնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ նախկին արտգործնախարար, ընդդիմադիր ՀԱԿ-ի անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

«Վերջին 10 տարում երկու կողմերից էլ որոշակի նախապայմաններ են առաջ քաշել, որոնք, ըստ էության, խոչընդոտում են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը»«- ասաց Արզումանյանը:

Ընդ որում նա կարծում է, որ վերջին շրջանում թուրքական իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան «քաղաքական բլեֆ», որի միջոցով նրանք փորձում են ամբողջ աշխարհին ցույց տալ հայ-թորքական հարաբերությունները բարելավելու իրենց պատրաստակամությունը, այն դեպքում, երբ Թուրքիայի կողմից ներկայացված նախապայմանները անփոփոխ են մնում արտաքին պետական ռազմավարության մեջ:  

Միևնույն ժամանակ քաղաքական գործիչը նշեց, որ հայկական կողմից ևս Թուրքիային նախապայմաններ են ներկայացվում, ինչն արտահայտվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման պրիզմայի միջով երկխոսություն վարելը մերժելով:

«Եթե Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման նախապայմաններ է դնում Ղարաբաղյան հակամարտության լուծման միջով, և հայկական կողմը հրաժարվում է, ապա այդպիսով Հայաստանն էլ է նախապայմաններ դնում»,- ընդգծեց Արզումանյանը:  

Միաժամանակ նախկին արտգործնախարարը կարծում է, որ Թուրքիայի հետ նրա պայմաններով երկխոսություն վարելու համաձայնության դեպքում Հայաստանը կկանգնի «անհաղթահարելի հետևանքների» առաջ:

Միևնույն ժամանակ նա դժգոհություն հայտնեց հայկական իշխանությունների կողմից ապրիլի 23-ին Թուրքիայի հետ «ճանապարհային քարտեզն» ընդգրկող համատեղ պայմանագիր կնքելուց՝ ընդգծելով դրա անարդյունավետությունը հայկական կողմի համար:

«ՀՀ իշխանությունները չպետք է հապճեպ որոշումներ ընդունեն և Թուրքիայի հետ ոչ խելամիտ պայմանագրեր կնքեն: Նախևառաջ անհրաժեշտ է հայ-թուրքական հարաբերությունների  կանոնակարգ կազմել, գործողության համապատասխան կետեր մշակել և միայն հետո անցնել դրանց իրավական ձևակերպմանը»,- հայտարարեց Արզումանյանը:   

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-