ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ համազգային խնդիրների լուծման գործում հայկական սփյուռքի դերն անգնահատելի է, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Այսօր, շնորհիվ մեր ժողովրդի բոլոր հատվածների նվիրվածության, համախմբվածության, միասնաբար գործելու պատրաստակամության, Հայաստանը կարողանում է լուծել իր առջև ծառացած, երբեմն անհավանական թվացող խնդիրները», - նախօրեին Փարիզում Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքերով` այդ միասնության շնորհիվ Հայաստանը և ողջ հայությունը թևակոխել են զարգացման և համազգային խնդիրների լուծման նոր ժամանակահատված, որտեղ անգնահատելի է հայ սփյուռքի ներդրումը:
Խոսնակը կարծում է, որ 1991 թ.-ին Հայաստանի անկախացումը նոր հեռանկարներ բացեց ոչ միայն աշխարհի հետ կապերի հաստատման, այլև Սփյուռքի հետ նոր հարաբերությունների հաստատման, դրանց զարգացման և ամրապնդման համար:
Աբրահամյանի կարծիքով` նոր պատմական իրողությունների պայմաններում հայությունը կանգնեց նոր մարտահրավերների առջև, որոնք պահանջում են համազգային ուժերի և կարողությունների համախմբում, կենտրոնացում, առաջացած խնդիրները միասնաբար, համատեղ ուժերով լուծելու հրամայական:
Նա ընդգծել է, որ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը մշտապես գտնվել են Հայաստանի Հանրապետության ուշադրության կենտրոնում:
«Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման և ամրապնդման և, մասնավորապես, Սփյուռքի հայապահպանության խնդիրների լուծմանը զորավիգ կանգնելու պատրաստակամությամբ էր պայմանավորված Հայաստանի կառավարության կազմում Սփյուռքի նախարարության ստեղծումը», - ասել է խոսնակը:-0-