Հայաստանի բանտերից մեկում կասեցվել են թմրանյութերի անցկացման փորձերը

07.07.2009, 18:36
Հայաստանի բանտերից մեկում կասեցվել են թմրանյութերի անցկացման փորձերը

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բանտերից մեկում կասեցվել են դատապարտյալի կողմից թմրանյութերի անցկացման ու փոխանցման փորձերը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:  

Նրա խոսքերով՝ հուլիսի 6-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկ դատապարտյալներից մեկի կնոջ կողմից բերված հանձնուք կոնֆետները ենթարկվել են հատուկ ստուգման, որի արդյունքում կոնֆետներից մեկի մեջ գործարանային արտադրության ջեմի փոխարեն հայտնաբերվել է 1,2գ ընդհանուր քաշով, սև գույն ունեցող, յուրահատուկ հոտով թմրանյութանման զանգված:

Կնոջ տված բացատրության համաձայն՝ կոնֆետն իրեն է հանձնել անծանոթ մի քաղաքացի, որի հետ նախապես պայմանավորվածություն է ունեցել հանդիպել քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում:

Նույն օրը, ժամը 22:00-ի սահմաններում նույն քրեակատարողական հիմնարկում բաց ռեժիմով պատիժ կրող Արմեն Կոստանյանը հիմնարկ վերադառնալիս ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել է 0,38գ ընդհանուր քաշ, նույնպես սև գույն և յուրահատուկ հոտ ունեցող թմրանյութանման զանգված և ներարկիչ, որի մեջ հայտնաբերվել է 0,2գ անհիդրիդի նմանվող լուծույթ: Վերոնշյալ փաստերի առթիվ պատրաստվել են նյութեր, թմրանյութանման զանգվածներն ու հեղուկն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, կատարվում է քննություն:

«Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում որևէ դեպքում չընդունել այլ անձի կողմից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար նախատեսված հանձնուքներ, քանի որ նման հանձնուքներում հիմնականում հայտնաբերվում են թմրամիջոցներ և արգելված այլ առարկաներ»,- նշեց քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը:-0-