ՀՀ նախագահն ընդունել է մաթեմատիկական մրցույթի հաղթողներին և դպրոցական ոսկե մեդալակիրներին

02.07.2009, 17:39
ՀՀ նախագահն ընդունել է մաթեմատիկական մրցույթի հաղթողներին և դպրոցական ոսկե մեդալակիրներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է մաթեմատիկայի «Կենգուրու» միջազգային մցույթի հաղթող և մարզերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների և այս տարվա մեդալակիր դպրոցական շրջանավարտների հետ:

«Շնորհակալ եմ ձեզ ձեր նվաճումների համար: Կարծում եմ՝ դուք կարողացել եք ապացուցել ձեր հասակակիցներին, ձեր ծնողներին ու մտերիմներին, որ կարող եք ձեր ունակություններով, ձեր տաղանդով տարբերվել մյուսներից»,- հանդիպման ընթացքում հայտարարեց պետության ղեկավարը:   

Ողջույնի խոսքից հետո նախագահը պատասխանեց դպրոցականների հարցերին: Երեխաներին հետաքրքրում էին ինչպես Հայաստանի առջև ծառացած խնդիրները, այնպես էլ՝ անձամբ նախագահին վերաբերող հարցեր:

Նախագահի խոսքով, իր ցանկությունն է, որ մեր ժամանակի հերոսը երիտասարդ գիտնականը լինի, այլ ոչ ինչ-որ հարուստի թիկնապահը կամ հոր փողերով գնված թանկարժեք մեքենայով երթևեկող պատանին:

Զրույցից հետո, նախագահն անձամբ ոսկե մեդալները հանձնեց դրանց տերերին, իսկ պարգևները «Կենգուրու» մրցույթի հաղթողներին:

Դրանից հետո բոլոր դպրոցականներին հուշանվերներ հանձնվեցին: Երեխաների համար նաև էքսկուրսիա էր կազմակերպվել նախագահի նստավայրում:

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթն անցկացվել է 2009 թվականի մարտի 19-ին, որին մասնակցել է շուրջ 5 մլն դպրոցական աշխարհի ավելի քան 50 երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Ռումնինիայում, Վրաստանում, Բուլղարիայում, Ղազախստանում և Իսպանիայում։ Ըստ մասնակցության գործակցի, Հայաստանում կայացած մրցույթը ճանաչվել է երկրորդը Եվրոպայում։

Առաջին անգամ «Կենգուրու» մրցույթը կազմակերպվել է 1991 թվականին Փարիզում, իսկ 1994 թվականից այն ստացել է միջազգային մրցույթի կարգավիճակ։ -0-