ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայաստանում ԳԴՀ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 1-ին:
Ինչպես նշված է հաղորդագրությունում, ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր երկամյա առաքելության ընթացքում ցուցաբերած ակտիվ գործունեության համար, որը մեծապես նպաստել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:
Զրույցի ընթացքում Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական տնտեսական համագործակցության մակարդակի կապակցությամբ, կարևորել է Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմաբնույթ օգնությունը և հույս հայտնել, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում անգամ երկու երկրներին կհաջողվի ապահովել զարգացմանն ուղղված համատեղ համագործակցության ծրագրերի շարունակականությունը այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են` էներգետիկայի, բնապահպանության, կրթության ոլորտները, հանրային կառավարումը և այլն:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հակաճգնաժամային միջոցառումների իրականացման առումով ընդգծել է Հայ-գերմանական հիմնադրամի արդյունավետ գործունեությունը` որպես մեծ վստահություն ներշնչող միջազգային համագործակցության օրինակ:
Անդրեա Վիկտորինը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև կայուն հիմք է ստեղծվել համագործակցության նոր ոլորտներ ընդգրկելու համար:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություններ է մաղթել Անդրեա Վիկտորինին` նրա հետագա գործունեության մեջ:-0-