ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Սուրբ Սարգիս Զորավար» ոսկե հուշադրամը:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հուշադրամը նվիրված է հայկական մշակույթի պատմությանը:
Մամուլի հաղորդագրության համաձայն, թողարկվել է 5 հազար ոսկե հուշադրամ՝ յուրաքանչյուրը 5 հազար դրամ արժեքով: Դրամը պատրաստված է 900 հարգի ոսկուց, 18 մմ տրամագծով ու 4,3 գրամ քաշով:
Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է զարդանախշ, որից ներքև նշված է թողարկման տարեթիվը` «2009»: Ներքևում եզրաշուրթի մոտ երկու տողով նշված է անվանական արժեքը: Եզրաշուրթի և շրջանագծի միչև շրջագծով հայերեն մակագրված է` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում Սուրբ Սարգսի պատկերն է` ձիուն հեծած վիշապին հաղթող: Վերևում եզրաշուրթի մոտ շրջագծով հայերեն մակագրված է` «ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐ»:
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Հայաստանի նկարիչների միության անդամ Կարապետ Աբրահամյանը: Հուշադրամը դրվագվել է Ֆինլանդիայի դրամահատարանում: -0-