Հայկական հասարակական կազմակերպություններն առաջարկում են սոցիալական արտոնություններ սահմանել ղարաբաղյան շարժման մասնակիցների համար

29.06.2009, 15:08
Հայկական հասարակական կազմակերպություններն առաջարկում են սոցիալական արտոնություններ սահմանել ղարաբաղյան շարժման մասնակիցների համար

Հայկական հասարակական կազմակերպությունները կդիմեն ՀՀ կառավարությանն ու խորհրդարանին ղարաբաղյան ազատագրական շարժման մասնակիցներին սոցիալական արտոնություններ տրամադրելու մասին օրինագծով:

Ինչպես երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց օրինագծի հեղինակ, «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատար, ՀՀ վարչապետի խորհրդական Համլետ Հովսեփյանը, նման օրենքի ընդունման հարցը չափազանց հրատապ է:

«Նման օրենքի անհրաժեշտությունը վաղուց է հասունացել: Խնդիրը ոչ միայն ֆինանսական աջակցության մեջ է, այլև գործի բարոյահոգեբանական կողմի՝ պատերազմի ավելի քան տասը հազար մասնակից աջակցության կարիք ունի: Չեմ կարծում, որ մեր կողմից առաջարկվող արտոնությունների տրամադրումը շատ վնաս կհասցնի երկրի բյուջեին», - նշեց Հովսեփյանը:

Նա տեղեկացրեց, որ օրինագծով, մասնավորապես, նախատեսվում է պատերազմի մասնակիցներին և նրանց անդամներին տրամադրել հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու, սոցիալական նպաստներ ստանալու, բուհերում անվճար ուսանելու իրավունք և այլն:

Հովսեփյանը նշեց, որ առաջիկա օրերին Ազգային ժողովն ու կառավարությունը համապատասխան դիմում կստանան:

Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության պետ Գրիշա Սարգսյանն իր հերթին ընդգծեց, որ արտոնությունների մասին օրենքի ընդունումը հատկապես հրատապ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները:

«Ադրբեջանի նախագահը վերջին ժամանակներում ևս մեկ անգամ ասել է, որ Ադրբեջանը պատրաստվում է լուծել ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով: Դա նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր հայրենիքը: Պատերազմի մասնակիցներին արտոնություններ տրամադրելը կբարձրացնի նրանց հայրենասիրական ոգին, և նրանք անհրաժեշտության դեպքում կրկին զենք կվերցնեն», - հայտարարեց Սարգսյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-