Երևանն օգտակար է համարում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Փարիզում կայացած հանդիպումը

29.06.2009, 10:16
Երևանն օգտակար է համարում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Փարիզում կայացած հանդիպումը
Երևանն օգտակար է համարում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Փարիզում կայացած հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Փարիզում կայացած հանդիպումն օգտակար էր և անցավ կառուցողական մթնոլորտում, ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հաղորդագրության մեջ:

«Վեց ժամից ավելի տևած բանակցությունների ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների դեմ առ դեմ հանդիպումը, այնուհետև նրանց միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Մեթյու Բրայզան (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Անջեյ Կասպրիչիկը», - ասվում է տեղեկատվության մեջ:

Մամուլի ծառայությունից նշում են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` ս.թ. հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքում տրված հանձնարարականի  համաձայն նախարարները շարունակեցին բանակցությունները` քննարկելով արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր՝ Մադրիդյան փաստաթղթում առաջարկվող սկզբունքների շուրջ կողմերի դիրքորոշումների մոտեցման նպատակով:

Նախարարներ Նալբանդյանն ու Մամադյարովը անդրադարձել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման կազմակերպման հնարավորությանը: Բանակցությունների արդյունքում որոշվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի առաջին կեսին կայցելեն տարածաշրջան: 

2007 թ.-ի նոյեմբերին Մադրիդում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկմանը ներկայացրեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները: Համանախագահները կարծում են, որ «մադրիդյան առաջարկություններն» արդար են ու հավասարակշռված:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-