Հայաստանի հատուկ կրթության ոլորտում տվյալների բազա ձևավորելու համար էլեկտրոնային հարցաթերթ է մշակվել

25.06.2009, 19:11
Հայաստանի հատուկ կրթության ոլորտում տվյալների բազա ձևավորելու համար էլեկտրոնային հարցաթերթ է մշակվել

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՈՒՀ) մասին տեղեկությունների բազա ձևավորելու և համագործակցությունը զարգացնելու նպատակով մշակել է էլեկտրոնային հարցաթերթ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հինգշաբթի հայտնեցին Կրթության նախարարության մամուլի ծառայությունից։

Ուսումնական հաստատությունների մասին պաշտոնական ու հավաստի տեղեկություններով ձևավորվելիք բազայի շնորհիվ հնարավորություն կստեղծվի ամբողջական պատկերացում կազմել մեր հանրապետությունում մասնագիտական կրթական հաստատությունների առկա վիճակի ու խնդիրների վերաբերյալ։

Հարցաթերթը բաղկացած է երկու մասից։ Առաջինում ՄՈՒՀ-երը պետք է ներկայացնեն  ընդհանուր տվյալներ, ինչպես օրինակ՝ հիմնադրման, ղեկավարի, գործունեության իրավական հիմքերի, հավատարմագրերի, իրականացվող հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերի մասին։ Երկրորդ՝ ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների բաժնում ներկայացվելու են տվյալներ ուսումնական հաստատության կառավարման ու գիտական խորհուրդների, բուհում գործող այլ կառույցների, վարչական կառուցվածքի, ֆակուլտետների ու ամբիոնների մասին:

Ներկայացված հարցաշարի երկու բաժիններն առաջին քայլն են` տեղեկատվական հնարավորինս լայն բազայի ձևավորման գործում։ Այժմ կենտրոնում մշակվում են դրա մյուս բաղադրիչները, որոնցում կներառվեն բուհի ողջ գործունեությունն արտացոլող տվյալներ։ -0-