Սահակաշվիլու այցի կապակցությամբ բողոքի ակցիա է կազմակերպվել Երևանում՝ ի պաշտպանություն ջավախահայերի իրավունքների

25.06.2009, 14:53
Սահակաշվիլու այցի կապակցությամբ բողոքի ակցիա է կազմակերպվել Երևանում՝ ի պաշտպանություն ջավախահայերի իրավունքների
Սահակաշվիլու այցի կապակցությամբ բողոքի ակցիա է կազմակերպվել Երևանում՝ ի պաշտպանություն ջավախահայերի իրավունքների

Վրաստանի նախագահ Սահակաշվիլու այցի կապակցությամբ Երևանում բողոքի ակցիա է անցկացվել՝ ի պաշտպանություն ջավախահայերի իրավունքների, ակցիայի ընթացքում Վրաստանի նախագահին ուղղված հայտարարություն է ընթերցվել:

Ակցիան նվիրված էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հանդիպմանը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել մասնակիցներին հավաքվել նախատեսված վայրում՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մերձակայքում՝ Կառավարության շենքի դիմաց:

Այս ամենի արդյունքում բողոքի ակցիան վերածվել է երթի և մասնակիցները, իրավապահ մարմինների ուղեկցությամբ, հասել են կառավարության շենքի հետևամաս, որտեղ ՀՅԴ Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն ընթերցել է Սահակաշվիլուն ուղղված հայտարարությունը:

«Օգտվելով Հայաստան կատարած ձեր այցի հնարավորությունից՝ ցանկանում ենք ձեզ փոխանցել Ձեր երկրի հայ քաղաքացիների պահանջները, որոնք բազմաթիվ անգամ փոխանցվել են Ձեզ, սակայն մնացել են անպատասխան: Այդ պահանջները մեծամասամբ ելնում են ձեր խոստումներից և միջազգային կառույցների առջև ստանձնած Վրաստանի պարտավորություններից», - ասաց Մանոյանը:

Պահանջների թվում է՝ կրոնական հաստատության իրավական կարգավիճակ տալ Վրաստանի տարածքում գտնվող Հայ Առաքելական եկեղեցուն, դադարեցնել հայկական եկեղեցիների վրացականացումը, նպաստել հայկական դպրոցների կենսունակ գործունեությանը, դադարեցնել պետական տարբեր կառույցների կողմից հայերի վախեցնելուն և Վրաստանի հայկական շրջանակներում սարսափի մթնոլորտ առաջացնելու քայլերը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են հայերենը պետական երկրորդ լեզու հռչակել Սամցխե-Ջավախեթու տարածքում, նախաձեռնել հայ-վրացական պետական համալսարանի ստեղծումը, Սամցխե-Ջավախեթու տարածքին և նրա մերձակայքում գտնվող հայաբնակ շրջաններին Սահմանադրությամբ ամրագրված ինքնավար կարգավիճակի տրամադրմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ որպես դաշնային Վրաստանի միավորներից մեկը, դադարեցնել տարածաշրջանում ժողովրդագրական պատկերի արհեստական փոփոխության փորձերին ուղղված քայլերը, ներդրումներ կատարել սոցիալ-տնտեսական և կոմունիկացիոն ծրագրերի իրականացման նպատակով, չխոչընդոտել երկրամասի բնակչության և հասարակության հարաբերություններին Հայաստանի Հանրասպետության հետ:-0-