ՀՀ ԱԺ խոսնակը ելույթ կունենա ԵԽԽՎ նիստի ժամանակ

24.06.2009, 19:38
ՀՀ ԱԺ խոսնակը ելույթ կունենա ԵԽԽՎ նիստի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի երեկոյան կմասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին, որի ժամանակ կքննարկվի Հայաստանի հարցը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախատեսվում է, որ ՀՀ ԱԺ նախագահը ելույթով հանդես կգա քննարկումն ամփոփող քվեարկությունն իրականացնելուց հետո։

Հինգշաբթի Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ հերթական նստաշրջանը, որի ընթացքում քննարկվում է Հայաստանի կողմից Վեհաժողովի՝ ավելի վաղ ընդունված բանաձևերի պահանջների կատարման գործընթացը:

Ստրասբուրգ կատարած այցի շրջանակներում Աբրահամյանը հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ:

Խորհրդարանի ղեկավարը Համարբերգին շնորհակալություն է հայտնել Հայաստանի հարցերի հանդեպ իր ցուցաբերած աջակցության և կառուցողական քննադատության համար։

Աբրահամյանը շեշտել է, որ Հայաստանը ԵԽ լիիրավ անդամ է, և դրանով իսկ իրեն պարտավորված է համարում բարեխղճորեն կատարել ԵԽ շրջանակներում ստանձնած բոլոր պարտականությունները։

Նա նաև կարևորել է ԵԽ բոլոր անդամ պետությունների միասնական ջանքերը՝ ԵԽ վարկանիշը բարձր պահելու և կազմակերպության վարկին չվնասելու գործում։ Զրույցի ընթացքում կողմերը նաև քննարկել են 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցերը։

Նույն օրն Աբրահամյանը հանդիպել է նաև ԵԽԽՎ նախագահ Լուիս-Մարիա դե Պյուչի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանում ներքաղաքական համաձայնություն ձեռք բերելու գործում վերջերս արձանագրված հաջողությունը։

Նրանք համակարծիք էին, որ, այնուամենայնիվ, դեռևս անելիքներ կան, որոնք կյանքի կոչելու գործում Հայաստանի ժողովրդի անփոխարինելի գործընկերն է լինելու Եվրոպայի խորհուրդը:

ՀՀ խորհրդարանը հունիսի 19-ին անցկացված արտահերթ նիստում հավանություն էր տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկությանը: Հայտարարված համաներման համաձայն, պատժից լիովին ազատվում են, մասնավորապես առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք, այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաև ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք:

Համաներումը տարածվում է 2008թ. մարտի 1-2-ը Երևանում քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց վրա, որոնց հինգ տարի ազատազրկում է սպառնում:

Հայկական իշխանությունները համոզված են, որ համաներումը կնպաստի երկրում քաղաքացիական համերաշխության մթնոլորտի ձևավորմանը:-0-