Հայկական կազմակերպությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին դադարեցնել Ջավախքի հայերի հետապնդումները

23.06.2009, 16:35
Հայկական կազմակերպությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին դադարեցնել Ջավախքի հայերի հետապնդումները

Հասարակական կազմակերպությունների «Երկիր» միությունը կոչ է անում վրացական իշխանություններին դադարեցնել Ջավախքի հայերի հետապնդումները, ասվում է  «Նովոստի-Արմենիա» գործակալությանը միության տրամադրած հայտարարության մեջ։ 

«Հալածանքների դադարեցման, ջախահայությունը ներկայացնող հասարակական-քաղաքական շրջանակների հետ երկխոսության և ջավախահայության առջև ծառացած լեզվական, կրթական, կրոնական և մշակութային խնդիրներին իրական լուծում տալուն որևէ այլընտրանք գոյություն չունի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կազմակերպությունից նշեցին, որ Հայաստանի իշխանությունները, հայաստանյան ու սփյուռքյան կառույցները, միջազգային կազմակերպությունները պարտավոր են գործուն քայլեր ձեռնարկել Ջավախքում հետզհետե խորացող ճգնաժամը կանգնեցնելու և ջավախահայության խնդիրներին մարդու և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության միջազգային նորմերին համապատասխան լուծում տալու ուղղությամբ:

«Երկիր» միությունը կոչ է անում վրացական իշխանություններին հասկանալ, որ հալածանքները միմիայն խորացնում են առկա դժգոհությունը` Հայաստանում և Սփյուռքում էլ ավելի արմատավորելով այն գիտակցությունը, որ  ջավախահայության օրինական իրավունքների համար պայքարը համահայկական պայքար է: Հետևաբար, ջավախահայության խնդիրը միջպետական հարաբերությունների ոլորտ տեղափոխելը և այդ հարթության վրա ճնշման տնտեսական լծակների օգտագործման միջոցով դրանց «լուծում» տալու վրացական իշխանությունների փորձերը դատապարտված են ձախողման»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդ որում կազմակերպությունից նշեցին, որ վրացական իշխանությունների կողմից տարվող ջավախահայության իրավունքների ոտնահարման հետևողական քաղաքականությունը վերջին շրջանում ստացել է նոր` ավելի բիրտ և բացահայտ դրսևորումներ:

Այսպիսով, Վրաստանի անվտանգության ծառայություն են կանչվել և հարցաքննվել վերապատրաստման ծրագրի շրջանակներում Հայաստան մեկնել պատրաստվող ջավախահայ ուսուցիչները.

«Շարունակվում են կոպտորեն ոտնահարվել ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի իրավունքները, որը ապրիլի 7-ին ցույցեր և հանրահավաքներ կազմակերպելու մեղադրանքով վրացական դատարանի կողմից դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, իսկ հունիսի 19-ին  ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանին, որը հայտնի է ջավախահայությանը հուզող հիմնախնդիրների վերաբերյալ իր հրապարակային ելույթներով, առանց որևէ բացատրության թույլ չի տրվել մուտք գործել Վրաստան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Երկիր» միությունում կարծում են, որ վրացական իշխանությունները, մտահոգված լինելով ջավախահայության իրավունքների ոտնահարման իրենց քաղաքականության նկատմամբ Հայաստանում, Սփյուռքում և միջազգային հանրության մոտ հետզհետե աճող դժգոհությունից, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու Հայաստան կատարելիք այցի նախօրյակին հակահայկական հալածանքները խստացնելու միջոցով փորձում են հասնել հետևյալ հիմնական նպատակներիմ` ևս մեկ անգամ դրսևորել ջավախահայության իրավունքների հարցում իրենց անզիջում կեցվածքը, տեղափոխել ջավախքյան խնդիրը հայ-վրացական միջպետական հարաբերությունների ոլորտ և համապատասխան տնտեսական ճնշում գործադրելով Հայաստանի իշխանությունների վրա` ստիպել նրանց նոր զիջումների գնալ:

Վրաստանի, Հայաստանի և Թուրքիայի սահմանագծում գտնվող Ջավախքը տարածք է հայ բնակչության գերակշիռ մեծամասնությամբ։ -0-