ՀՀ սփյուռքի նախարարությունը ծրագրում է համահայկական մասնագիտացված ասոցիացիաներ ստեղծել տարբեր հայաբնակ համայնքներում, որոնք միավորված կլինեն միասնական ցանցով, ասաց նախարար Հրանուշ Հակոբյանը։
«Այդ ցանցի միջոցով հնարավոր կլինի ապահովել տարբեր մարդկանց համատեղ աշխատանքը պրոֆեսիոնալ մակարդակով»,- երեքշաբթի նա ասաց լրագրողներին։
Այս առնչությամբ Հակոբյանն ասաց, որ Երևանում Ճարտարապետների համահայկական համաժողովի անցկացումից հետո ստեղծվել է նման ասոցիացիա, որն արդեն կապեր է հաստատում աշխարհի տարբեր երկրների համանման կառույցների հետ։
«Հայկական ճարտարապետությունն ու 21-րդ դարը» ճարտարապետների համահայկական ֆորումի նպատակը, որն անցկացվեց Երևանում ապրիլի 21-24-ին, Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացմանն աջակցելն էր, հայ ճարտարապետական ներուժը միավորելը և այն Հայաստանի ճարտապաետական խնդիրների լուծման գործում օգտագործելը, ինչպես նաև հայկական ճարտարապետական ժառանգության պահպանման համար նախապայմաններ ստեղծելը։
Ընդ որում Հակոբյանը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ ճարտարապետների առջև նպատակ է դրել ստեղծել Աշխարհի քաղաքի մոդելն ու ներկայացնել նախագծերը, որպեսզի Հայաստանը 2010 թ.-ին ներկայացնի այն «Շանհայ-2010»-ին։
«Այժմ հայ ճարտարապետները բավականին ակտիվ քննարկում են այս նախագիծը»,- հավելեց նա։
Շանհայի համաշխարհային ցուցահանդեսին, որը 2010 թ.-ի մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը կանցկացվի «Լավագույն քաղաք՝ լավագույն կյանք» կարգախոսի ներքո, կազմակերպիչները մտադիր են հրավիրել 200 երկրի և միջազգային կազմակերպության։ Տոնավաճառին կմասնակցեն ոչ միայն ինքնիշխան պետություններն ու միջազգային կազմակերպությունները, այլև այն շրջանները, որոնց ուրբանիզացիան աշխարհում հայտնի է դարձրել, ինչպես նաև խոշոր չինական ու արտասահմանյան ձեռնարկությունները։ -0-