ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի հունիսի 24-25-ը Աստանայում կայանալիք Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի անվտանգության համաժողովին, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:
«Համաժողովի ընթացքում, որին մասնակցելու են եվրատլանտյան տարածաշրջանի երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ, ՆԱՏՕ-ի և միջազգային այլ կազմակերպությունների գլխավոր քարտուղարներ ու բարձրաստիճան այլ անձինք, նախատեսվում է կարծիքներ փոխանակել անվտանգությանն առնչվող տարբեր արդիական հարցերի, այդ թվում` էներգետիկ անվտանգության և Հարավային Կովկասում կայուն միջավայրի ձևավորման շուրջ», - նշեց Շահսուվարյանը:
Նրա խոսքերով, այցի շրջանակներում նախատեսվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը Ղազախստանի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ-պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մուխտար Ալտինբաևի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ և ՀԱՊԿ-ի շրջանակներում բազմակողմ համագործակցության հարցեր:-0-