Հայ փորձագետը կարծում է, որ Ատլանտյան օվկիանոսում ինքնաթիռի վթարի պատճառը օդում օդանավի մասնատվելն էր օդի ճնշման ընդունիչի խցանման պատճառով
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Air France ավիաընկերության Airbus А330-200 օդանավի մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը Ատլանտյան օվկիանոսում վթարի պատճառը օդում ինքնաթիռի մասնատվելն էր՝ արագության ցուցիչները կարգավորող օդի ճնշման ընդունիչի (Պիտոյի խողովակ) խցանման հետևանքով, կարծում է ՀՀ Ազգային ավիացիոն ասոցիացիայի նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Աթբաշյանը:
«Կարծում եմ, որ եթե ֆրանսիական ինքնաթիռի օդի ճնշման ընդունիչը խցանվել էր, ապա կառավարման ավտոմատ համակարգը սկսել է ցույց տալ, որ ինքնաթիռը շատ փոքր արագությամբ է ընթանում: Մինչդեռ մեծ արագությամբ դա հանգեցրել է օդում ինքնաթիռի մասնատմանը»,- ասաց Աթբաշյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցի ժամանակ:
Նրա խոսքերով՝ Պիտոյի խողովակն այնպես է սարքված, որ թռիչքի ընթացքում այնտեղ մտնող օդի կեսը լիակատար արգելակման է հասնում, իսկ մյուս մասը դուրս գալիս: Ընդ որում նա նշեց, որ այս երկու օդային զանգվածների միջև ճնշման տարբերությունից որոշվում է ինքնաթիռի օդային արագությունը:
«Ժամանակակից ինքնաթիռներում տվյալ ազդանշանը թվայնացվում է, և դրանցով կարգավորվում է ինքնաթիռի կառավարման համակարգը»,- պարզաբանեց Աթբաշյանը:
Փորձագետը տեղեկացրեց, որ ժամանակակից ինքնաթիռներում թռիչքային արագությունների շատ մեծ դիապազոն կա, և երբ ինքնաթիռն ընթանում է փոքր արագությամբ, օդային ղեկերը պետք է մեծ անկյունների տակ թեքել, իսկ երբ ինքնաթիռն ընթանում է մեծ արագությամբ, այդ ղեկերի արդյունավետությունը շատ կտրուկ աճում է, և դրանք պետք է թեքել փոքր անկյունների տակ:
«Օրինակ, խորհրդային ТУ-134 ինքնաթիռում թռիչքի փոքր արագության դեպքում ղեկանվով շատ մեծ թափ էր պետք հավաքել, իսկ ТУ-154-ի վրա կառավարման ավտոմատ համակարգ կար, որը արագությունից կախված՝ ինքն էր «կապում» ու «բացում» ղեկերը»,- ասաց Աթբաշյանը:
Նրա խոսքերով՝ ֆրանսիական ինքնաթիռի դեպքում ղեկերը «բացվել են» ու սկսել թեքվել մեծ անկյունների տակ, ինչը մեծ արագության պարագայում հանգեցրել է օդում ինքնաթիռի մասնատմանը:
Օդանավի վթարի երկու այլ տարբերակները՝ ահաբեկչական գործողությունն ու ամպրոպաբեր ամպի գործոնը Աթբաշյանը քիչ հավանական է համարում:
Բացի այդ, նրա խոսքերով, ինքնաթիռները սպառազինված են ռադիոլոկատորներով, որոնք հստակ որոշում են ամպի ողջ ներքին կառուցվածքը, ինչի շնորհիվ կարելի է հեշտությամբ շրջանցել ամպի վտանգավոր օջախները:
«Այդ իսկ պատճառով քիչ հավանական է, որ ինքնաթիռը ամպի վտանգավոր հատված մտած լինի, եթե միայն օդաչուներն այդ պահին հորանջած չլինեն»,- ամփոփեց Աթբաշյանը: --0--

