Հայաստանի նախագահն առաջարկել է ԱՄԷ-ի ստեղծել համատեղ միջկառավարական հանձնաժողով

22.06.2009, 16:42
Հայաստանի նախագահն առաջարկել է ԱՄԷ-ի ստեղծել համատեղ միջկառավարական հանձնաժողով

Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանի հանդիպման ժամանակ առաջարկել է ստեղծել համատեղ միջկառավարական հանձնաժողով` վստահեցնելով, որ այն երկկողմ գործակցությունը խթանելու շատ արդյունավետ գործիք է, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Էմիրությունները մերձավորարևելյան տարածաշրջանում Հայաստանի կարևոր առեւտրատնտեսական գործընկերն է:

Հաղորդագրության համաձայն՝ նախագահը նշել է, որ Հայաստանը խորապես շահագրգռված է ԱՄԷ հետ հարաբերության ընդլայնմամբ և վստահ է, որ դրա համար կա բավականաչափ ներուժ:

Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է  բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու իր երկրի պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը և ԱՄԷ արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգության խնդիրների շուրջ: Սերժ Սարգսյանը հակիրճ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային վերջին զարգացումները և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Նախագահ Սարգսյանը նաև երախտագիտությամբ ընդգծել է Միացյալ Էմիրությունների հավասարակշիռ քաղաքականությունը տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ: -0-