ՀՀ կառավարությունը հաճախորդ է ՏՏ-ոլորտի ընկերությունների համար, և մեծ քանակությամբ նորարարություններ կան, որոնցից կառավարությունը պետք է օգտվի, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
DigiTec business ֆորումն ու Microsoft նորարարական ֆորումը տեղի են ունենում Երևանում հունիսի 19-20-ին՝ «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագրով: Ֆորումը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) և Հայաստանում Microsoft –ի ներկայացուցչությունը՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
«Մենք պետք է որոշ ծառայություններ ձեռք բերենք, որոնք այստեղ ներկայացված են: Կառավարությունն իր օրինակով պետք է ցույց տա, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման կողմնակիցն է, քանի որ կառավարության մեջ արտադրողականության աճը ևս հրատապ խնդիր է», - ասաց Սարգսյանը ուրբաթ DigiTec Business ֆորումի շրջանակներում ելույթ ունենալիս:
Այս կապակցությամբ վարչապետն ընդգծեց, որ կառավարությունում անհրաժեշտ է շնորհանդեսային հանդիպումներ կազմակերպել, որպեսզի ղեկավար կազմն իրազեկված լինի, թե ինչպիսի հնարավորություններ կան պետական կառավարման օղակներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման համար:
«Այն աշխատանքը, որը դուք կատարում ենք, չափազանց անհրաժեշտ և հեռանկարային է, և կառավարությունը պետք է փորձի ձեզ աջակցել գոյություն ունեցող խնդիրները համատեղ ջանքերով հաղթահարելու համար», - ասաց նա՝ դիմելով ֆորումի մասնակիցներին:
Միաժամանակ Սարգսյանն ավելացրեց, որ առանց ՏՏ-ոլորտի ներկայացուցիչների կազմակերպչական և ակտիվ մասնակցության կառավարության համար շատ դժվար կլինի, «եթե չասենք անհնար կլինի այս ոլորտում բարեփոխումներ իրականացնել»:
«Մենք նոր նախաձեռնություններ ենք ակնկալում, և որքան ակտիվ դուք լինենք, այդքան շատ կնպաստեք այս ոլորտում լուրջ բարեփոխումների իրականացման գործին», - եզրափակեց ՀՀ կառավարության ղեկավարը:
DigiTec Business ֆորումի շրջանակներում կիրականացվեն Microsoft Innovation ֆորումը, DigiTec Business ցուցահանդեսը, E-Fin էլեկտրոնային ֆինանսներ կոնֆերանսը, տեխնոլոգիական սեմինարներ և թեմատիկ կլոր սեղաններ:
Ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ներկայացնել բիզնեսի ավտոմատացման նորարար ծրագրային և տեխնիկական լավագույն լուծումներ, խթանել գործարարության տարբեր ոլորտների զարգացումը տեխնոլոգիաների ներդրման միջոցով: --0—