ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ համաներում հայտարարելը թեև ուշացած, բայց անհրաժեշտ քայլ է:
Հունիսի 19-ին կանցկացվի երկրի խորհրդարանի արտահերթ նիստը օրակարգային մեկ հարցով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաներում հայտարարելու մասին առաջարկը:
«Սակայն սա բավարար պայման չէ համահանրապետական ու հասարակական ճգնաժամն ու խուճապը հաղթահարելու համար, որը մենք ապրում ենք»,- ասաց Հովհաննիսյանը լրագրողներին:
Պատգամավորը ենթադրում է, որ համաներումը կտարածվի նաև «մարտի 1-2 ազգային ողբերգության բոլոր մասնակիցների վրա»:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երկրի ԱԺ-ին ուղղված համաներում հայտարարելու մասին առաջարկում հիշատակվում են Երևանում մարտի 1-2 դեպքերի ժամանակ հանցանք գործած անձինք:
Հովհաննիսյանը կարծում է, որ եթե Հայաստանում երբևէ իրական արդարադատություն լինի, օրենքը պետք է հավասարապես տարածվի բոլորի վրա:
«Ես որպես քաղաքացի պահանջում եմ, որ արդարադատությունը հավասարապես կիրառվի բոլորի հանդեպ՝ անկախ այն բանից, թե ինչպիսի համոզմունքներ ունեն մարդիկ իրենց քաղաքականության մեջ»,- ասաց նա:
«Արդարադատությունը պետք է հիմնված լինի արդարության վրա: Մարտի 1-2-ին տասը քաղաքացիների մարդասպաններն ու նրանք, ովքեր տվել են հրամանները, պետք է անպայման պատասխանատվության ենթարկվեն, քանի որ միայն այդպիսով է հնարավոր հաղթահարել խուճապը հասարակության շրջանում»,- ընդգծեց նա:
Ընդ որում Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ համաներումը մասնավոր կիրառման բնույթ չի կրի և առաջին քայլը կլինի անհանդուրժողականության պատը քանդելու ուղղությամբ:
Նա նշեց, որ իր գործընկեր-պատգամավորների հանդեպ սպասվող դատավճիռները արդարացնող կլինեն:
Զանգվածային անկարգությունների գործով քրեական գործի շրջանակներում այլոց կողքին անցնում են նաև ԱԺ 3 պատգամավորները՝ Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը և Մյասնիկ Մալխասյանը: -0-