«Ռեինկառնացիա» հայկական խումբն օգոստոսին կթողարկի ռեգի ոճում երկրորդ ալբոմը

12.06.2009, 17:09
«Ռեինկառնացիա» հայկական խումբն օգոստոսին կթողարկի ռեգի ոճում երկրորդ ալբոմը

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ռեինկառնացիա» հայկական խումբը օգոստոսի վերջին կթողարկի ռեգի ոճում իր երկրորդ ալբոմը, որը բաղկացած կլինի 10-11 երգից, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ռեինկառնացիա» խմբի երգերի տեքստերի հեղինակ ու մեներգիչ Ռոլանդ Գասպարյանը։

Նշելով, որ թարգմանաբար «Ռեինկառնացիա» նշանակում է կերպարանափոխություն, Գասպարյանն ասաց, որ գոյության 9 տարում խումբը հաճախ է կերպարանափոխվել, և վերջին երեք տարում իրենք աշխատում են ռեգի ոճում։  

«Վերջին կերպարանափոխությունը տեղի ունեցավ 3 տարի առաջ, ռոք խմից մենք վերածվեցինք ռեգի կատարողների։ Ես սիրում եմ փորձարկումներ անել թե կյանքում, թե երաժշտության մեջ։ Այս կերպանափոխությունը կապված է այն բանի հետ, որ ես պարզապես սկսել եմ այդպես ապրել»,- ասաց նա։

Խմբի առաջին ռեգի ալբոմը կոչվում էր «60 կմ Ջանֆիդայից Յամայկա»։  

«Ռեինկառնացիա» խումբը բաղկացած է 8 մարդուց, բայց պատրաստ է մեծացնել իր կազմը մինչև 21-ի։

«Ռեինկառնացիան» առաջին հայկական խումբն է ռեգի ոճում։ Գասպարյանի կարծիքով՝ այս ուղղությունը որևէ սահմանափակում չունի, այն լսում են ինչպես ռոքի, այնպես էլ ռեփի սիրահարները։

«Մեր քաղաքին գույն է պակասում։ Հուսով եմ՝ Հայաստանում ռեգի խմբերը կավելանան։ Ռեգիի միջոցով մարդիկ սեր, հավասարություն և հավատ են քարոզում»,- ասաց նա։

Խմբին հատուկ ճանաչում բերեց «Տաքսի «Էլի լավ ա»» ֆիլմի համար գրված «Էլի լավ ա» սաունդթրեքը։

Մեներգչի խոսքով՝ «Էլի լավ ա» երգը ավելի շուտ կոմերցիոն քայլ էր խմբի համար, բայց իրենց սկսեցին ճանաչել ֆիլմով, իսկ ֆիլմը ասոցիացնել երգի հետ։  

Ընդ որում խմբի անդամներն իրենց շոու բիզնեսի մաս չեն համարում։ «Սա ընդամենը մեր երաժշտությունը լսողին հասցնելու միջոց է»,- կարծում է խմբի տրամբոնահար Դավիթ Մինասյանը։ -0-