ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կատարում է ԱՀԿ բոլոր հրահանգները A/H1N1 գրիպի վիրուսի՝ երկիր ներթափանցելը կանխելու ուղղությամբ, ասաց Առողջապահության նախարարության Հիգիենիկ և հակահամաճարակային պետական տեսչության ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի ղեկավար Լիլիթ Ավետիսյանը։
«Համավարակի հետ կապված իրականացվող միջոցառումներում փոփոխությունների կատարումը կախված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր հրահանգներից»,- ասաց Ավետիսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։
Միաժամանակ նա նշեց, որ համավարակի հայտարարումը կապված չէ այն բանի հետ, որ հիվանդությունը նոր ծանր ձևեր է ընդունել, այլ այն հանգամանքի հետ, որ հիվանդությունը տարածվում է ավելի մեծ թվով երկրներում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը A/H1N1 գրիպի համավարակի մասին պաշտոնապես հայտարարել է 40 տարվա մեջ առաջին անգամ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռոյթեր գործակալությանը, ԱՀԿ իրազեկումը գրիպի համավարակի մասին ստացվել է կազմակերպության բոլոր անդամներին։
Համավարակի վտանգի առավելագույն մակարդակը հայտարարվել է աշխարհում որպես «խոզի գրիպ» հայտնի A/H1N1 գրիպի սրընթաց տարածման կապակցությամբ։ Որոշումն ընդունվել է հինգշաբթի՝ ԱՀԿ արտակարգ կոմիտեի փորձագետների հետ խորհրդակցությունից հետո։
Համավարակն առաջին անգամ է հայտարարվել 21-րդ դարում, նախորդ դեպքը գրանցվել էր 40 տարի առաջ՝ 1968-1969 թվականներին։
Չորեքշաբթի՝ հունիսի 10-ին, Կազմակերպությունը հաստատել է A/H1N1 գրիպով մարդկանց հիվանդացության 27 հազար 737 դեպք, 141 հիվանդ մահացել է։
ԱՀԿ-ն ապրիլի վերջին բարձրացրել է A/H1N1 գրիպի համավարակի վտանգի մակարդակը 4-5-ի՝ վեցբալանոց սանդղակով։
Վեցերորդ ֆազը, ինչպես սահմանված է ԱՀԿ Ղեկավարող սկզբունքներում, համարվում է համավարակի սկիզբը։
Խորհուրդ տրվող գործողությունների նպատակն այս ֆազերի ժամանակ հասարկության վրա համավարակի ազդեցության նվազեցումն է, ասվում է Կազմակերպության ղեկավար սկզբունքներում։ -0-