Էստոնիայի արտգործնախարարի այցը երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ևս մեկ քայլ կլինի, հինգշաբթի Պաետի հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
«Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակում հարաբերությունների հետագա խորացումը»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը Հայաստանի համար հետաքրքիր և օգտակար է համարել Բալթյան երկրների անցած ճանապարհն ու կուտակած փորձը:
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Էստոնիայի ներգրավվածությունը Եվրամիության կողմից Հայաստան ժամանած խորհրդատվական խմբի կազմում, մեծ նշանակություն է տվել նրանց աշխատանքին և ասել, որ Հայաստանը ձգտում է առավելագույնս օգտվել ԵՄ «Արեւելյան գործընկերության» ընձեռած հնարավորություններից:
Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և ասել, որ իր այցը միտված է համակողմանի փոխգործակցության ընդլայնմանը: Նա տեղեկացրել է, որ իր հետ Հայաստան են ժամանել էստոնացի գործարարներ, ովքեր իրենց հայ գործընկերների հետ փորձում են համագործակցության ընդհանուր եզրեր գտնել:
Նշելով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ցածր մակարդակը՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ փոխադարձ ճանաչելիությունը դեռևս բավարար չէ և կարևորել է հայ-էստոնական տնտեսական համաժողովի անցկացումը:
Երկրի ղեկավարը կարևորել է նաեւ կրթական, մշակութային համագործակցության զարգացումը և ասել, որ Հայաստանն այս տարի տոնելու է հայ մեծ լուսավորիչ, գրող, մանկավարժ Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակը, ով իր կյանքի մի մասն ապրել է Էստոնիայում և սովորել Տարտուի համալսարանում:
Հայաստանի նախագահը և Էստոնիայի արտաքին գործերի նախարարը խոսել են նաև մուտքի արտոնագրերի ստացման գործընթացի փոխադարձ դյուրացման հնարավորության մասին:
Էստոնիայի ԱԳ նախարարի խնդրանքով նախագահ Սարգսյանը հակիրճ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:-0-