ՀՀ ԱԳ նախարարն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

08.06.2009, 10:56
ՀՀ ԱԳ նախարարն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը շաբաթ օրը քննարկել են երկկողմ, միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը։

«Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ֆրանսիացի պատգամավորի անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների համագործակցության ընդայնման գործում», - ասվում է տեղեկատվության մեջ։

Շնորհակալություն հայտնելով գնահատականի համար՝ Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է, որ մշտապես եղել է հայ ժողովրդի բարեկամը և շարունակելու է գործունեությունը՝ ուղղված հայ և ֆրանսիացի ժողովուրդների համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը:

Ֆրանսիացի պատգամավորը հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարին է ներկայացրել Հայաստանում հումանիտար և կրթական բնագավառներում իր կողմից իրականացվող ծրագրերը: -0-