Հարավկովկասյան երկաթուղիներ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը ուրբաթ Արմավիրի մարզում հանդիպում է ունեցել մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀԿԵՈՒ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացման մեջ երկաթուղային տրանսպորտի դերի բարձրացմանը վերաբերող հարցեր: Կողմերը համաձայնության են եկել մի շարք ուղղություններով համատեղ աշխատանքային խմբեր ստեղծելու հարցում: Դրանցից են Արմավիրի արտադրանքը արտաքին շուկա արտահանելը, միջազգային երկաթուղային հաղորդակցության զարգացումը, Արմավիրի մարզում տեղակայված կայանների վերականգնումը, գնացքների երթևեկության անվտանգությունը:
«Մարզպետին պատմելով ընկերության առաքելության մասին՝ գլխավոր տնօրենը ներկայացրել է Արմավիր-Երևան երկաթուղային հաղորդակցության բացման նախագիծը: Շայդուլինի խոսքով, Արմավիրից Երևան և հակառակ ուղղությամբ կարելի է հասնել 50 րոպեում, իսկ Երևանից էլեկտագնացքը կմեկնի յուրաքանչյուր երեք ժամը մեկ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Շայդուլինը հատկապես ընդգծել է մինչև ուսումնական տարվա սկիզբն այս հատվածում հաղորդակցություն բացելու անհրաժեշտությունը: «ՀԿԵՈՒ ուղևորափոխադրումների 17 տոկոսը ուսանողությունն է կազմում,- նշել է նա:- Մենք այդ թիվը մեծացնելու նպատակ ունենք: Մենք արդեն այսօր կարող ենք խոսել ուղևորի համար պայքարի բաց մրցակցության պատրաստակամության մասին»:
Կողմերը հատուկ ուշադրություն հատկացրեցին գնացքների երթևեկության անվտանգության ապահովման հարցին: Շայդուլինը մարզպետին պատմեց «Զգույշ, գնացք է» ծրագրի մասին: «Բոլոր չարտոնագրված անցումները կփակվեն, քանի որ դրանցից շատերը մեր քաղաքացիների համար իրական վտանգ են հանդիսանում»,- ասաց ընկերության գլխավոր տնօրենը:
«Մենք ողջունում ենք ձեր տրամադրվածությունը, -իր հերթին նշեց Ղահրամանյանը:-Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքն ուղղված կլինի ինչպես ընդհանուր առմամբ հանրապետության, այնպես էլ մասնավորապես ձեր բիզնեսի զարգացմանը: Երկկողմանի շահագրգռվածություն կա, և գլխավորը դա է»:
«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը։ ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել է ՀԵՈՒ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցելու, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով, 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։-0-