ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մեղադրել է ադրբեջանական կողմին Ղարաբաղի պաշտպանության բանակի երկու զինծառայողների գերեվարման կապակցությամբ ապատեղեկատվություն տարածելու մեջ։
Մայիսի 31-ին ԼՂՀ պաշտպանական բանակի նորակոչիկներ Օհան Հարությունյանը և Գևորգ Թովմասյանն ինքնակամ լքել են զորամասը և հայտնվել ադրբեջանական կողմում: Օգտագործելով այս փաստը՝ վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվում են գերեվարման մեջ ընկած նորակոչիկների մասին մի շարք տեղեկություններ, որտեղ նրանք պատմում են հայկական զինված ուժերում իբր թե տիրող «անմխիթար վիճակի» և բազմաթիվ «անօրինությունների» մասին:
«Օգտագործելով ընդամենը 12 օր ծառայության մեջ գտնվող և դեռևս զինվորական երդում չտված նորակոչիկների` սոցիալական կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված բարոյահոգեբանական անկայուն վիճակը` ներազդեցության հատուկ միջոցների կիրառմամբ սա ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հանգամանորեն նախապատրաստված ակնհայտ ապատեղեկատվության է»,- ասվում է Շահսուվարյանի՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի կարծիքով՝ այդ ապատեղեկատվության նպատակն է ՀՀ զինված ուժերի և ԼՂՀ պաշտպանական բանակի մասին մտացածին տեղեկությունների տարածման քողի ներքո բարձրացնել սեփական հասարակության ներսում սեփական զինված ուժերի բարոյալքված վարկն ու հեղինակությունը:
Շահսուվարյանն ընդգծել է, որ ադրբեջանական քարոզչական նմանաբնույթ հնարքները ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ինչ-որ կերպ փորձում է համեմատվել մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությամբ իրեն գերազանցող ԼՂՀ զինված ուժերի հետ:
«Ցավալի է, որ Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարությունն այս կերպ սեփական հասարակությանն ու զինված ուժերի անձնակազմին մղում է ինքնախաբեության և արկածախնդրության»,- ասել է Շահսուվարյանը:
Նա ավելացրել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների` հայ նորակոչիկների կողմից ցուցմունքների կորզման, հասարակության մեջ ակտիվ շահարկման և հանրային ցուցադրման փաստերը միջազգային մարդասիրական կառույցների ուշադրության կարիքն ունեն, քանի որ խախտում են այդ նորակոչիկների` Ժնևի երրորդ կոնվենցիայի 13-րդ և չորրորդ կոնվենցիայի 27-րդ հոդվածներով նախատեսված «հասարակության հետաքրքրասիրությունից» պաշտպանության դրույթները:-0-