ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մշտապես զգացել է Նիդեռլանդների բարյացակամությունը և օժանդակությունը, չորեքշաբթի ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Օննո Էլդերենբոշի հետ (նստավայրը` Թբիլիսի)` իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էլդերենբոշը հույս հայտնեց, որ հետագայում ևս հայ-նիդեռլանդական համագործակցությունը կշարունակի զարգանալ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և այլ բնագավառներում` չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանը:
Այդ համատեքստում Աբրահամյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ակտիվացնել երկու երկրների օրենսդիրների միջև շփումները: Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի և Նիդեռլանդների խորհրդարանների միջև արդեն իսկ գոյություն ունեցող պատգամավորական և փորձագիտական փոխանակումների ծրագրերը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությանն առնչվող հարցեր:-0-