Հայ ժողովուրդը բարձր է գնահատում անկախությունից ի վեր Նիդեռլանդների ցուցաբերած աջակցությունը Հայաստանի տնտեսության զարգացմանը. ԱԳն ղեկավար

03.06.2009, 18:44
Հայ ժողովուրդը բարձր է գնահատում անկախությունից ի վեր Նիդեռլանդների ցուցաբերած աջակցությունը Հայաստանի տնտեսության զարգացմանը. ԱԳն ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ժողովուրդը բարձր է գնահատում անկախությունից ի վեր Նիդեռլանդների ցուցաբերած աջակցությունը Հայաստանի տնտեսության զարգացմանը, ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Նալբանդյանն այս մասին հայտարարել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Օննո Էլդերենբոսի (նստավայրը` Թբիլիսի) հետ հանդիպման ժամանակ` Երևանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Մամուլի հաղորդագրության համաձայն, շնորհակալություն հայտնելով դեսպանին իր առաքելության ընթացքում հայ-հոլանդական հարաբերությունների զարգացումը խթանելուն ուղղված գործունեության համար` նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է տարբեր բնագավառներում հայ-հոլանդական համագործակցության ամրապնդումն ու խորացումը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ավելացրել է, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում անկախությունից ի վեր Նիդեռլանդների ցուցաբերած աջակցությունը Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Դեսպանն իր հերթին նշել է, որ ջերմ զգացմունքներով է հեռանում Հայաստանից և շնորհակալություն է հայտնել իր առաքելության ընթացքում ԱԳՆ ցուցաբերած աջակցության համար: -0-