Հայաստանի ԶՈՒ ժամկետային ծառայության զինվորները պարգևատրվել են ցուցաբերած քաջության համար ծառայողական պարտականությունները կատարելիս

02.06.2009, 20:02
Հայաստանի ԶՈՒ ժամկետային ծառայության զինվորները պարգևատրվել են ցուցաբերած քաջության համար ծառայողական պարտականությունները կատարելիս

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության համար երեքշաբթի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրեց ազգային բանակի 3 ժամկետային զինծառայողների, ասվում է նախարարության կայքում տեղակայված հաղորդագրությունում։

«Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով պարգևատրվեցին ազգային բանակի ժամկետային զինծառայողներ, ավագ սերժանտներ Մհեր Անդրեասյանը, Դավիթ  Մնացականյանը և կրտսեր սերժանտ Արա Վարդանյանը։

Շնորհավորելով պարգևատրման կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով բարեխիղճ ծառայության համար՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ Մհերի, Դավթի ու Արայի սխրանքով ու քաջագործությամբ պետք է հպարտանա ոչ միայն բանակի հրամանատարությունը, այլև նրանց ծնողներն ու հարազատները:

Նա ընդգծեց, որ Մհերի, Դավթի ու Արայի կամքն ու վճռականությունը, ծառայության նկատմամբ բարձր պատասխանատվությունը և նվիրվածությունը պետք է համապատասխան օրինակ հանդիսանան յուրաքանչյուր զինվորի համար:

Նախարարը նաև փաստեց, որ լինում են դեպքեր, երբ զինվորները ոչ պատշաճ վերաբերմունք են դրսևորում ծառայության նկատմամբ, զորամասը ինքնակամ լքելու հետևանքով շփոթվում և հայտնվում են հակառակորդի տարածքում: Կամ էլ խուսափում են հայրենիքի պաշտպան լինելուց:-0-